Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 2016-ի  ՀՀ տնտեսական աճը՝ 0 տոկոս (տեսանյութ)

Տնտեսություն
hb

Համաշխարհային բանկը վերանայել է 2016 թ-ի Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ  կանխատեսումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը։ «Հայաստանի տնտեսությունը այս տարվա հուլիսից մինչ հոկտեմբեր գտնվել է անկման շրջանում: Նշված ժամանակահատվածում ամեն ամիս նախորդի համեմատ տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը նվազել է»,- ասաց նա՝ հավելելով, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016-ի երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 2,8 տոկոս՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ: «Դեռևս հոկտեմբերին 2016 թվականի տնտեսական աճի վերաբերյալ մեր սպասելիքները դրական էին՝ 2,4 տոկոս: Այդ բազայի հիման վրա կանխատեսում էինք 2,8 տոկոս 2017 թ-ի համար: Սակայն այս պահին ունենալով հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները, իրենք ցույց են տալիս ընդամենը 0,4 տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ մեր վերանայված կանխատեսումների համաձայն, 2016 թ-ին լավագույն դեպքում տնտեսական աճը կլինի 0 տոկոս», - ասաց ՀԲ ավագ տնտեսագետը: Այս տվյալները ՀԲ-ն դեռեւս չի հրապարակել: 2017 թ-ի համար ՀԲ-ի կողմից Հայաստանում տնտեսական աճի սպասելիքները 2 տոկոսից  չեն անցնում: «Միջին ժամկետի ցուցանիշները եւս համապատասխանաբար շատ համեստ են՝ 2-2,5 %-ի շրջանակներում:  2015 թ-ի աղքատության ցուցանիշը, որ հրապարակվեց ընդամենը մի քանի ամիս առաջ, ցույց է տալիս, որ աղքատությունը մնացել է նույն մակարդակին՝ ընդամենը 0,2 տոկոս  նվազում է եղել: Որպեսզի Հայաստանը կարողանա որևէ լուրջ ձեռքբերում ունենալ աղքատության նվազման, սոցիալական խնդիրների լուծման հարցում, տնտեսական աճի ցուցանիշը պետք է տարեկան լինի 5 և ավելի տոկոս»,- ասաց Գոհար Գյուլումյանը: