Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրարտու» բասկետբոլային թիմը միայն ֆինանսական խնդրի զոհ չէ»

Սպորտ
sport-urartu-1

«Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը Ռուսաստանի Սուպերլիգա 1-ից դուրս է եկել ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով: Առաջին խնդիրն այն էր, որ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում էր, որ մենք դժվարություններ ունենանք ելույթների համար: Երկրորդ, մենք հնարավորություն չունեինք փոխարինել վնասվածք ստացած խաղացողներին: Այդ իսկ պատճառով իրար հետեւից 9 պարտություններ կրեցինք, որի արդյունքում հոգեբանական խնդիրներ առաջ եկան բասկետբոլիստների մոտ: Մենք հասկացանք, որ պարտվելու ենք նաեւ մնացած խաղերում: Իսկ դրա համար գումարներ ծախսելն իմաստ չուներ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց  «Ուրարտուի» նախագահ Արա Պողոսյանը: Ըստ բանախոսի, ակումբը չի կազմալուծվել եւ շարունակելու է գործունեությունը: «2017 թվականին մտադիր ենք անցկացնել մի քանի ընկերական խաղ, որոնց ժամանակ կաշխատենք ընդգրկել հավաքականի բասկետբոլիստներին, որպեսզի նրանք միտ լավ մարզավիճակում լինեն, քանի որ եկող տարի մեր ընտրանին առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Հետագայում կարող է նոր տարբերակներ գտնենք պաշտոնական մրցաշարերին մասնակցելու համար: Մեր նպատակը մնում է նույնը, ամեն ինչ անել բասկետբոլը հանրապետությունում զարգացնելու համար, որը այնքան էլ շատ գումարներ չի պահանջում, ինչպես,ասենք, ֆուտբոլը», - եզրակացրեց Արա Պողոսյանը: Այն, թե «Ուրարտուն» որքանով կնպաստի Հայաստանում բասկետբոլը զարգացնելու եւ մասսայականացնելու գործին, ցույց կտա ժամանակը, սակայն Ռուսաստանի Սուպերլիգայում կրած ֆիասկոն մեզ ստիպում է հիշել ժողովրդական հայտնի ասացվածքը. «Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր»: