Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

19-րդ դարի Գյումրին՝ 21-րդ դարի «Զվարթնոցում» (տեսանյութ)

Հասարակություն
orik1

Գյումրիի 19-րդ դարի ճարտարապետությունը հայրենիք մեկնող զբոսաշրջիկներին ստիպեց մի քանի վայրկյան հիանալ հայկական հին շինություններով: «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում իրենց չվերթին սպասող զբոսաշրջիկ զույգին գրավել էր Բերտա Մարտիրոսյանի՝ «Գյումրին այսօր» խորագրով ցուցահանդեսը: «Այս նկարները ցույց են տալիս Հայաստանի շատ հետաքրքիր վայրերը: Սա լավ ցուցահանդես է հատկապես ինձ նման զբոսաշրջիկների համար, որովհետև այս նկարների միջոցով մենք կարող ենք տեսնել Հայաստանը մեկ այլ կողմից, տեսնել հին շենքերն ու  ճարտարապետությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց չինացի զբոսաշրջիկ Խանգ Տաոն: Նա Հայաստանում անցկացրած ժամանակահատվածում արդեն հասցրել էր ծանոթանալ հայ ճարտարապետության նշանավոր նմուշներին, բայց հայրենիք մեկնելուց առաջ, օդանավակայանում դարձյալ չկարողացավ անտարբեր անցնել ցուցահանդեսի կողքով և թռիչքից առաջ վերջին րոպեներն էլ հատկացրեց Գյումրու 200-ամյա ճարտարապետությանը ծանոթանալուն:   «Ցուցահանդեսը շատ հետաքրքիր է և տեղեկություններ է պարունակում, որոնք ստիպում են զբոսաշրջիկներին գալ Հայաստան և նոր բաներ բացահայտել»,- ասաց նա: norik Լուսանկարների հեղինակ Բերտա Մարտիրոսյանի խոսքով`  առաջին անգամ տեսնելով Գյումրին՝ սիրահարվել է, թե ճարտարապետությանը, թե այնտեղ ապրող մարդկանց: «Սկսեցի նկարել, հետո հասկացա, որ թեման լայն է և կարելի է շարք անել, այնուհետ` ցուցահադես: Նպատակն էր ցույց տալ Գյումրվա այսօրվա իրավիճակը, գեղեցիկ շենքերը, ճարտարապետությունը և, ինչու ոչ` կոչ անել վերականգնելու հին գեղեցիկ շենքերը, որոնք այսօր ոչ այդքան բարվոք վիճակում են գտնվում»,- մեզ հետ զրույցում նշեց Բերտա Մարտիրոսյանը: Լուսանկարներում տեղ գտած շինությունները, բացառությամ երկուսի, պատկերված են սև ու սպիտակ գույներով: Այսպիսով հեղինակը ցանկացել է ցույց տալ, որ այս շինությունները ստեղծման պահից գրեթե նույնն են մնացել: «Հիմնականում սև ու սպիտակ են, որովհետև այն ժամանակ ֆոտոապարատները սևուսպիտակ էին նկարում ու նպատակն այն էր, որ ցույց տայի, որ ժամանակի առումով գրեթե բան չի փոխվել, այսինքն` լուսանկարին նայելով չեք կարող ասել, թե այն որ թվականի է»: «Գյումրին այսօր» խորագրով ցուցահանդեսը, թեև կազմակերպված էր օդանավակայանում, բայց Բերտայի լուսանկարները գրավել էին ոչ միայն զբոսաշրջիկներին: Դրանք դիտելու համար «Զվարթնոց» էին եկել նաև բազմաթիվ մարդիկ: «Այս գործերը տպավորիչ են, արտահայտիչ են և կարևորը` խորաթափանց են: Կան բաներ, որ մարդը կարող է անցնել, չնկատել, բայց Բերտայի աչքը նկատել է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց երաժշտագետ Սուսաննա Նալբանդյանը: Գյումրու 19-րդ դարի ճարտարապետական նմուշները պատկերող լուսանկարները «Զվարթնոց» օդանավակայանի սրահում կցուցադրվեն մինչև դեկտեմբերի 13-ը: