Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» հարազատները հայտարարություն ընդունեցին (տեսանյութ)

Հասարակություն
kin-nkar

Հայաստանին ու հայ ժողովրդին սպառնացող վտանգների վերաբերյալ այսօր հրավիրված խորհրդաժողովում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատները հայտարարություն ընդունեցին։ «Հիմնադիր խորհրդարանում» հրավիրված հավաքին մասնակցում էին ապստամբների հարազատներ, քաղաքական հայացքների համար դատապարտված այլ անձանց բարեկամներ։ Ներկաների հիմնական մտահոգությունն Արցախին հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելուն է վերաբերում։ «Այն, ինչի համար պատրաստ էին տղաները զոհաբերվել, զոհվել, նույնը շարունակվում են նաև նրանց հարազատները։ Սա նաև կոչ է մեր ժողովրդին, որ իրենք էլ մնան բարձր գաղափարական գիտակցության վրա»,- ասաց պարոն Ենիգոմշյանը։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանն անդրադարձավ նաև Արցախի հարցում զիջումների գնալու Սերժ Սարգսյանի պատրաստակամությանը։ Այդ մասին նա հայտնել է միջազգային տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում։ «Տարածքների հանձնումը մի քանի անգամ ձախողվել է վճռական մարդկանց հստակ կեցվածքի պատճառով։ Այսուհետ էլ է այդպես լինելու։ Նման խոստումներ իրականացնել փորձողներին ոչ մի լավ բան չի ստացվում»,- նշեց պարոն Ենիգոմշյանը։ Ի դեպ, դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների օրը, Երևանի Ազատության հրապարակից քայլերթ է նախատեսված։ Հիմնադիր խորհրդարանի անդամներն ու համակիրներն այդ կերպ կբարձրաձայնեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին։