Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչի՞ հաշվին է տնտեսվում 1.8 մլրդ դրամը

Պաշտոնական
8e93bf6feb9e7df98f195a9138267a34

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացվող օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 1,8 մլրդ դրամ: 2017թ. առողջապահական բյուջեի ծախսերն ինչի՞ հաշվին  կտնտեսվեն 1.8 մլրդ դրամով։ Առողջապահական համակարգի առանձին ոլորտների գործունեության ուսումնասիրության և բարելավման նպատակով  հոկտեմբերի սկզբին նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային 4 հանձնաժողովներից մեկը՝ ֆինանսաբյուջետայինը զբաղվում է բյուջեի վերանայումով, ֆինանսավորման նոր բանաձևերի մշակումով։ Հանձնաժողովն արդեն իսկ առաջարկ էր ներկայացրել դժվարամատչելի հետազոտությունների գների իջեցման ուղղությամբ։ Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գները սահմանվել էին տարիներ առաջ և վերջին ժամանակաշրջանում չէին վերանայվել: Մինչդեռ անցած ժամանակաընթացքում զգալի աճել է նման հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների թիվը՝ մրցակցության արդյունքում հանգեցնելով  մատուցվող ծառայությունների գների նվազման: Հոկտեմբերի երկրորդ տասնօրյակում, երբ նախարարությունն այլ ծրագրերով  չծախսված և տնտեսված գումարների հաշվին ավելացնում էր պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի և բարձր տեխնոլոգիական   հետազոտությունների իրականացմանն ուղղվող 2016թ. գումարները, որպեսզի դրա անհրաժեշտությունն ունեցող մեր քաղաքացիները մինչև տարեվերջ  կարողանան իրենց հետազոտությունն անցնել, պայմանավորվածություն է ձեռք բերել բժշկական կազմակերպություների ղեկավարների հետ պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության և սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գներին։ Արդյունքում՝ վերաբաշխված 134,0 մլն դրամի շրջանակում ավելի մեծ թվով շահառուներ են անհրաժեշտ հետազոտություններն անցնում։ Այժմ իջեցման միտումով վերանայում են սոցիալական փաթեթի շրջանակում իրականացվող բժշկական ծառայությունների գները՝ դրանք ևս մոտեցնելով շուկայական արժեքին։ Գործող մեկ այլ՝ նախարարության և նախարարության համակարգում ընդգրկված հիմնարկների և կազմակերպությունների գործունեության օպտիմալացման, կազմակերպական ու կառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի արդյունքում վերանայվել են նախարարության ուղղակի կառավարման ներքո գտնվող 30 կազմակերպությունների և բուն նախարարության կառուցվածքը և հաստիքները։ Կրճատումներ կլինեն՝ խուսափելով գործառույթների կրկնություններից։ Միաժամանակ կրճատվել կամ օտարվել են ավտոմեքենաներ և անշարժ գույք, միավորվում կամ լուծարվում են գործող առանձին կազմակերպություններ։ Այս ամենի արդյունքում 2017թ. առողջապահական բյուջեի ծախսերից տնտեսված 1.8 մլրդ դրամը կուղղվի ոչ թե  ապարատի կամ հիվանդանոցների պահպանմանը, այլ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների ամբուլատոր և ստացիոնար բժշկական ծառայությունների փոխհատուցմանը։ Առողջապահության նախարարություն