Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբգար թագավորի տոնին՝ շախմատի մրցաշար

Հասարակություն
abg

Արարատյան Հայրապետական թեմն այս տարի արդեն չորրորդ անգամ շախմատի մրցաշար կանցկացնի՝ նշանավորելու Աբգար թագավորի տոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն ասաց, որ մրցաշարն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին: «Քանի որ շախմատը համարվում է թագավորական խաղ, չորս տարի առաջ մեր թեմի երիտասարդները որոշեցին այդ կերպ տոնել Աբգար թագավորի տոնը: Իսկ ինչու հենց նրա անունով կոչվեց մրցաշարը, քանի որ Աբգարը եղել է  առաջին թագավորը, որը Հիսուս Քրիստոսի կենդանության օրոք հավատացել և ընդունել է նրան՝ որպես Աստծո որդի»: Քահանայի խոսքով՝ մրցաշարը տարեցտարի ավելի է ընդլայնվում. «Եթե նախորդ տարիներին մենք էինք հրավիրում մարդկանց, մարդ հավաքելու խնդիր ունեինք, ապա այսօր մասնակիցներն իրենք են գալիս: Հիմնականում մրցաշարին մասնակցում են պետական գերատեսչությունների աշխատակիցները՝ քաղաքապետարանից, քաղաքապետարանին կից շախմատի դպրոցներից, պաշտպանության նախարարությունից, ոստիկանության կրթահամալիրից և այլն»,-ասաց Մալյանը՝ հավելելով, որ տարիքային սահմանափակում չունեն: Այս տարի մրցաշարին մեկի փոխարեն երկու գրոսմայստեր են հրավիրվել՝ Կարեն Գրիգորյանը և Արտաշես Մինասյանը: Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը հավելեց, որ Աբգար թագավորի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի  է հավատալ՝ առանց տեսնելու, և հենց այդ խորհուրդն է, որ ընկած է տոնի հիմքում: «Կուզենայի, որ մեր իշխանավորները Աբգար թագավորի նման մտածեին»,-եզրափակեց քահանան: