Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազով մեքենան՝ վազող վտանգ

Կարևոր լուրեր Հասարակություն
c544117283bf870273be73edd14bb882

«Հայաստանը մոլորակի եզակի երկրներից է գազաֆիկացման բարձր աստիճանով, իսկ գազով մեքենաների քանակով առաջինն է աշխարհում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով գազի անվտանգության թեմայով, ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ մի կողմից դա նվաճում է, իսկ մյուս կողմից՝ ոչ. «Լավ կյանքից չէ, որ մարդիկ նախընտրում են գազով մեքենա վարել: Միշտ չէ, որ էժանը անվտանգ է: Պարբերաբար տարբեր պատահարների մասին ենք լսում:  Գազը կարող ենք կոչել վազող վտանգ»,-նշեց նա: Ըստ պարոն Պողոսյանի՝ գոյություն ունի սերտիֆիկացման և վերահսկողության մեծ ստրուկտուրա, որն այսօր Հայաստանում թերի է գործում: «Ես մասնակցել եմ գազի լցակայանների հավատարմագրման աշխատանքներին և պետք է ասեմ, որ ոչ բոլորն են հագեցած այն սարքավորումներով, որոնք լիարժեք կկարողանան ստուգել գազի բալոնի վիճակը, օրինակ՝ գազի բալոնի պատերը ներսից նկարահանող սարք, որը շատ թանկ արժե»: Քննարկմանը ներկա՝ գազալցակայանների սարքավորումներ արտադրող «ՋիՋի սոլյուշընս» ընկերության տնօրեն Հմայակ Աբաջյանն էլ ասաց, որ հասարակության մոտ սխալ ընկալում է, թե գազն ամենավտանգավոր վառելիքն է. «Գազաբալոնը, որտեղ լցվում է  բարձր ճնշման մեթանը, շատ հաստ և հզոր պատերով տարա է և ցանկացած վթարային իրավիճակում ավելի անվնաս է, քան մյուս վառելիքների տարաները: Բացի այդ, գազի օգտագործումը էկոլոգիա է»: Պարոն Աբաջյանը նշեց, որ գազալցակայաններում անվտանգության առումով կան բացթողումներ: «Ամենաառաջին խնդրն այն է, որ թույլատրելիից՝ 200 ատմասֆերից, բարձր ճնշումով է գազ լցվում բալոններ»: Նրա խոսքով՝ աշխարհի զարգացած երկրներում բալոններ լցվող գազի ճնշումը հատուկ չափիչ սարքավորումներ են վերահսկվում. «Այսինքն՝ սահմանափակում են գազի ճնշումը: Բայց դա արդյունավետ տարբերակ չէ, որովհետև այդ սարքավորումը կարող է սառչել կամ տաքանալ, ինչը խնդիրներ կառաջացնի: Մարդը, որը գիտի, որ սարքավորումն է հսկում գազի ճնշումը, ավելի հանգիստ է, իսկ երբ չգիտի՝ զգուշավոր է»: Հմայակ Աբաջյանի խոսքով՝ ինքը գտել է այլընտրանքային տարբերակ՝ գազալցակայաններում գազի ճնշման աստիճանը վերահսկելու համար, դիմել է իշխանություններին, բայց հասկանում է, թե ինչու են մերժել իրեն աջակցել՝  երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով: «Ես առաջարկել եմ գազալցակայաններում տեղադրել ճնշման կարգավորիչներ՝ ոչ ավանդական ձևով, տեխնիկական խնդիր է պարզապես: Իմ հաշվարկներով՝ բոլոր գազալցակայաններում նման կարգավորիչներ տեղադրելը մոտավորապես 30 միլիոն դոլար կարժենա»: Բացի գազի բարձր ճնշումից, կան այլ խախտումներ ևս, օրինակ՝ գազը ֆիլտրացիայի չի ենթարկվում, չորացուցիչներ չեն տեղադրվում և այլն. «Գազը մինչ սպառողին հասնելը, պետք է անցնի չորացուցիչի միջով, քանի որ գազի մեջ կան չլուծված ջրային գոլորշիներ, որոնք գազի սառելու կամ տաքանալու ժամանակ դառնում են ջուր: Հայաստանում գործող մոտ 400 գազալցակայաններից միայն 4-5-ում կա այդ սարքից, բայց միայն մեկում է շահագործվում: Այսօր գազալցակայանները ֆինանսական առումով շատ դժվար վիճակում են, ոչ ոքի ձեռք չի տա գնել նման սարք, որն արժի 50 հազար դոլար»,-ասաց Աբաջյանը: Ասուլիսին ներկա էր նաև  «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը, ում խոսքով՝ գազն, իհարկե, բնապահպանական մի շարք հարցեր է լուծում, սակայն աշխարհն այսօր գնում է դեպի էլեկտրական մեքենաները. «Վերականգնվում և ընդլայնվում են տրամվայները, մետրոն, իսկ մեզ մոտ մենք հանեցինք տրամվայը հենց այն ժամանակ, երբ Փարիզն ընդլայնում էր այդ համակարգը: Սա, իհարկե, հանրային տրանսպորտն է, սակայն կան նաև մասնավոր մեքենաներ, որոնք վերահսկելն ավելի բարդ է»: