Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոշակառուն չի կարողանում ստանալ իր գումարը (տեսանյութ)

Հասարակություն
qaxaqaci

Երևանի բնակիչ Գոռ Իշխան Գրիգորյանն արդեն չորրորդ ամիսն է՝ չի կարողանում հետ ստանալ Բաղրամյան 1 հասցեում գտնվող Քրիստինե Հակոբյան անհատ ձեռներեցին պատկանող թարգմանչական կենտրոնին վճարած գումարը:  «Ա1+»-ին դիմած թոշակառուի խոսքով՝ թարգմանչական կենտրոնն իր փաստաթղթերը սխալներով է թարգմանել. «Որդիս ապրում է Ռուսաստանում: Այնտեղ երեխաների ծնվելու կապակցությամբ երկու 1 սենյականոց բնակարան է ստացել, ցանկացել է դրանք վաճառել, մեկ մեծ բնակարան գնել, բայց դրա համար պետք է եղել կնոջ համաձայնությունը, որն այդ ժամանակ Հայաստանում է եղել: Որդիս ուղարկեց բոլոր փաստաթղթերը, որ այստեղ թարգմանենք, ստորագրենք և ուղարկենք իրեն: Ես էլ թարգմանության համար դիմեցի Բաղրամյան 1 հասցեում գտնվող՝ Քրիստինե Հակոբյանին պատկանող գրասենյակ: Նրան ասացի, որ ինձ նաև նոտարի հաստատում է պետք, ասաց՝ խնդիր չկա, այդ ամենի համար ինձանից 28 հազար դրամ ուզեց: Ես վճարեցի, բայց երբ բոլոր փաստաթղթերն ինձ մոտ էին, նկատեցի, որ սխալ են արված թարգմանությունները»,-ասաց Գոռ Իշխան Գրիգորյանը, ում խոսքով, Քրիստինե Հակոբյանը հրաժարվել է իրեն անգամ ՀԴՄ կտրոն տալ: «Ես դիմեցի իրեն, ասացի, որ մի շարք սխալներ կան թարգմանության մեջ, գնացի նաև նոտարի մոտ, նոտարի հայրը ծանոթ էր, աղջիկը համաձայնեց, վերադարձրեց 8000 դրամը, բայց 20 հազար դրամը  չեն ցանկանում վերադարձնել»,-նշեց նա: Քաղաքացին խնդրի հետ կապված դիմել է ոստիկանություն, դատախազություն, արդարադատության նախարարություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն որևէ մեկը պատրաստակամություն չի հայտնել իրեն օգնելու կամ Քրիստինե Հակոբյանին պատասխանատվության կանչելու հարցում: «Վախենում են երևի, իմ վերջին հույսը լրատվամիջոցներն են»,-ասաց թոշակառուն, ում խոսքով՝ ինքը գրագետ մարդ է, երկու գրքի հեղինակ, չէր կարող սխալվել թարգմանության հարցում: Համացանցում որոնում կատարեցինք և պարզեցինք, որ Քրիստինե Հակոբյան անհատ ձեռներեցի անունով Բաղրամյան 1/58 հասցեում գործում է «Արեգակ»  թարգմանչական գրասենյակը: Զանգահարեցինք նշված հեռախոսահամարով: Մեր հարցմանն ի պատասխան՝ Քրիստինե Հակոբյանն ասաց, որ սխալը եղել է քաղաքացու կողմից: «Այո, նա մեզ դիմել է, բոլոր թարգմանությունները ճիշտ են արվել, պարզապես նա է սխալ տեղեկություններ տրամադրել մեզ, հետո երբ պարզել է, որ սխալ է, որոշել է  մեղքը մեր վրա բարդել»,-նշեց Հակոբյանը: Այդ դեպքում, ինչու՞ է նոտարը վերադարձրել գումարը, եթե իր կողմից չի եղել սխալը, Քրիստինե Հակոբյանը նշեց, թե նոտարը պարզապես ցանկացել է գլուխն ազատել նրանից: Գոռ Իշխան Գրիգորյանը նշում է՝ խնդրի լուծման իր վերջին հույսը լրագրողներն են։   Մանրամասները՝ տեսանյութում