Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է. ՔՊ փոխնախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar

«Նորմալ է,  որ «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև տարաձայնություններ են եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հնչեցրած քննադատությանը. «Նիկոլ Փաշինյանը, ցիտում եմ նրա խոսքերը, ասել է, որ Էդմոն Մարուքյանի հանդեպ չունի վստահություն, քանի որ նա կողմ է քվեարկել կառավարության ծրագրին: Այս առումով «Լուսավոր Հայաստանի» հետ խնդիր չի եղել»,-նշեց Պապիկյանը: Նրա խոսքով՝ Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է: «Վանաձորում տիրող իրադրությունը փաստում է, որ ՀՀԿ-ն ունի քաղաքապետ, բայց չի կարողանում կառավարել քաղաքը: Դա Քրիստ և Էդմոն Մարուքյանների սկզբունքայնության շնորհիվ է»: Սուրեն Պապիկյանը նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» երբեք չի ցանկացել լինել միակ ընդդիմադիր ուժը Հայաստանում, այլ ցանկացել է ստեղծել մեկ ընդդիմադիր ուժ. «Առնվազն երեք կուսակցություններով որոշել ենք համախմբվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, քանի որ ունենք առաջիկա հինգ տարվա՝ Հայաստանի ապագայի տեսլականը»,-նշեց բանախոսը: Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել, որի ընթացքում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ: Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ողջունում է ընդդիմության ներկայացուցիչների այդ քայլը. «Ես անձամբ տարբեր առիթներով հնչեցրել եմ, որ ժամանակն է, որ շատ ու շատ կուսակցություններ, եթե ունեն ընդհանրություններ իրենց հայացքներում, միավորվեն: 79 կուսակցություն ունենալն անհասկանալի վիճակ է: Շատ ուրախ ենք, որ կուսակցությունները միավորվում են, բայց ուզում ենք, որ այդ միավորումները հարատև լինեն, ոչ թե գալով խորհրդարան, մոռանան, որ միասին են եկել, կամ լիդերության հետ կապված խնդիրներ ունենան: Մեր ժողովրդի համար էլ շատ հեշտ կլինի կողմնորոշվել»: