Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանի մականունը Նարիմանով է» (տեսանյութ)

Քաղաքականություն
zara1

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր «Լյուստրացիայի մասին» օրենքին: Զարուհի Փոստանջյանի պարզաբանմամբ՝ այս նախագծի ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի բացահայտվեն այսօր բարձր պաշտոն զբաղեցնող այն հայ գործիչները, որոնք ԽՍՀՄ ԿԳԲ-ի կազմում են եղել ու հակահայ քաղաքականություն են վարել: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց՝ ինչ է հասկանում Զարուհի Փոստանջյանը լյուստրացիա ասելով. «Քանի որ լյուստրացիայի բացատրությունը հետեւյալն է՝ բացահայտել օտար երկրի գործակալներին, որոնք մեր երկրում փորձել են գործունեություն իրականացնել: Եվ, ի վերջո, ո՞րն է այդ օտար երկիրը»: Ի պատասխան տիկին Փոստանջյանն ասաց. «Այդ երկիրը նախկին Խորհրդային միությունն է»: «Մենք այդ միության մի մասն ենք եղել»,- արձագանքեց Լեւոն Մարտիրոսյանը: «Մեր հանրությունը պետք է իմանա, օրինակ՝ Սերժ Սարգսյանը, որը ցանկանում է այսօր հողեր հանձնել, ո՞ւմ գործակալն է, ում պատվերն է կատարում: Մենք կասկածում ենք, որ նա եղել է ԿԲԳ գործակալական ցանցի մեջ ներգրաված անձ, նույնիսկ նա մականուն է ունեցել՝ Նարիմանով»: Հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հայտարարեց, որ բովանդակության մեջ չմտնելով՝ ուզում է ասել, որ Զարուհի Փոստանջյանը որեւէ բան չի փոխել նախկինում ներկայացվածի համեմատ: Օրենսդրության հետ կապված լուրջ խնդիրներ ունեցող նախագիծ է սա, հատկապես տեխնիկական առումով: Լյուստրացիան ոչ թե բոլորին պատժելն է, այլ ժողովրդավարության նպաստելն է»: Պարոն Մկրտչյանը իր ելույթի ժամանակ նաեւ լեզվի սայթաքում ունեցավ. «Մենք՝ բոլոր գործակալներս, կարծում ենք, որ....»: Նա չնկատեց սայթաքումը, մինչդեռ ճեպազրույցների դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծիծաղել: Վահրամ Մկրտչյանը շարունակեց՝ նշելով. «Գաղտնի տեղեկությունները արխիվում պահպանվում են տասը տարի, եւ դրանք, ըստ էության, արդեն գաղտնազերծված են՝ մարդիկ կարող են դիմել ու ստանալ դրանք: Իսկ խիստ գաղտնի տեղեկությունները պահպանվում են երեսուն տարի, որի գաղտնազերծմանը մնացել է ընդամենը հինգ տարի: ԿԲԳ բոլոր գործակալներն այսօր բացահայտված են, ու նրանք վատ չեն ծառայում հայրենիքին: Նրանք ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին աշխատակիցներ են, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել են ԱԱԾ աշխատողներ: Տիկին Փոստանջյան, ձեզ գնահատում եմ որպես լավ իրավաբան, ուղղակի հորդորում եմ, որ միջազգային նորմերին համապատասխանեցնեք նախագիծը: Մենք կողմ ենք լյուստրացիայի գաղափարին, սակայն ոչ թե պատժելու համար, այլ ուղղակի հանրությունը իմանա: Չեմ կարող հորդորել, որ կողմ քվեարկենք նախագծին, սակայն գաղափարին կողմ եմ, որ օտարերկրյա գործակալներին բացահայտենք»: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ներկայացնելով կառավարության եզրակացությունը, նշեց, մի շարք առանցքային խնդիրներ. «Այս նախագծով խախտվում է արդար դատաքննության իրավունքը, քանի որ պաշտոնատար անձի իրավունքների պաշտպանությունը բավարար չէ»: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն իր կողմից նշեց, որ զարմանալի է, որ գործակալ տերմինը լյուստրացիայի մեջ է տեղավորվել. «Ես միշտ ժպիտով եմ դիմավորում ձեր խոսքերը, տիկին Փոստանջյան: Հասկանում եմ՝ նախընտրական տարի է, «Ժառանգություն»-ում բազմաթիվ լյուստրացիաների կարիք ունեք. օվկիանոսից այն կողմ գտնվող ձեր շատ անդամներին իսկապես լյուստրացիայի պետք է ենթարկել: Մենք շատ լավ գիտենք՝ ով, ինչով է զբաղվել՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով: Նման նախագծերը որեւէ լավ տեղ չեն տանում: Իրավական առումով դադարել եմ կարդալ ձեր որեւէ նախագիծ, քանի որ քաղաքական ենթատեքստեր ունեն. փորձում եք լսարան ապահովել ու անցկացնել դրանք»: Զարուհի Փոստանջյանն իր եզրափակիչ ելույթում պատմական ակնարկ արեց ու նշեց, թե ինչ վատ հետեւանքներ են ունեցել ցարիզմն ու բոլշեւիզմը Հաստանի կայացման վրա: Տեղից պարբերաբար ռեպլիկներ անող Լեւոն Մարտիրոսյանը հետաքրքրվեց. «Տիկին Փոստանջյան, դուք հիմա ցարիզմի՞ դեմ եք, թե բոլշեւիզմի»: «Երկուսն էլ դեմ եմ, քանի որ երկուսն էլ բռնակալներ են եղել»,- արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: «Տիկին Փոստանջյան, ձեր պատմական ակնարկը ավարտեք, անցեք նախագիծը: Հենց նոր արձանագրեցի, որ ավելի լավ է դուք պատգամավոր լինեք, քան պատմության ուսուցչուհի: Շնորհակալություն, բովանդակալից քննարկման համար»,- արձագանքեց Հովհաննես Սահակյանը: Քվեարկության ժամանակ նախագծին կողմ արտահայտվեց միայն զարուհի Փոստանջյանը: Բոլորը դեմ էին: