Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Թորոսյանը կրկին գլխավորեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականը (տեսանյութ)

Սպորտ
sport-boks

«Ռիոյի օլիմպիական խաղերում մեր բռնցքամարտիկներն արեցին այնքան, որքան կարող էին անել: Ես չեմ կարող դժգոհել տղաներից  եւ դավաճանել նրանց», - այսօր «Անի Պլազա» հյուրանոցի նիստերի դահլիճում կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարեվերջյան համաժողովում ասաց մեր հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Այսօրվանից վերջինիս պարտականությունները կատարելու է Դավիթ Թորոսյանը, որն, ի  դեպ, եղել էր հենց Կարեն Աղամալյանի նախորդը: «Արդեն մեկ շաբաթ է կատարում եմ գլխավոր մարզչի աշխատանքը: Այժմ պատրաստում եմ Արամ Ավագյանին, որը դեկտեմբերի 18-ին Մերձմոսկովյան մարզում կանցկացնի իր առաջին պրոֆեսիոնալ մրցամարտը: Հետո արդեն կսկսեմ  հավաքականը պատրաստել եկող տարվա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին», - «Ա1+»-ի մարզական լրագրողի ո՞րն է լինելու գլխավոր մարզչի առաջին անելիքը նոր պաշտոնում, այդպես պատասխանեց Դավիթ Թորոսյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ընդհանուր առմամբ դժգոհ չէ Կարեն Աղամալյանի աշխատանքից, սակայն կարծում է, որ այդ գործն ավելի լավ կարող է անել Դավիթ Թորոսյանը, որն ավելի լավ է ծանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտի առանձնահատկություններին: «Մենք պետք է մոռանանք բռնցքամարտի սիրողական մարզիկ կամ մարզիչ հասկացությունը: Եթե մարդը զբաղվում է միմիայն բռնցքամարտով, ապա նա պրոֆեսոինալ է: Մենք պետք է հենց այդ ուղղությամբ գնանք, որպեսզի բռնցքամարտիկները կարողանան գումար վաստակել եւ ապահովված լինեն», - նշեց ՀԲՖ-ի նախագահը: Հավելենք, որ համաժողովի որոշմամբ հանրապետության երկու մարզիչներ՝ Արթուր Ուլիխանյանը եւ Գարիկ Բաղդասարյանը որակազրկվեցին համապատասխանաբար 2 եւ 1 տարով՝ պաշտոնական մրցումներին ոչ սպորտային պահվածքի համար: