Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշտարակ կաթ»-ում ներդրումներ անողները հայտնի են, միջոցները՝ ոչ (տեսանյութ)

Տնտեսություն
ashtarakkat

Ամերիկյան «Ադռա ռեմար»  կազմակերպությունը պատրաստ է ներդրումներ իրականացնել «Աշտարակ կաթ» ընկերությունում։ Այսօր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ներդրող կազմակերպության ներկայացուցչի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ փորձում են այնպես անել, որ ընկերությունը շարունակի իր արտադրությունը, աշխատատեղեր չկրճատվեն եւ գյուղացիները կարողանան իրացնել կաթը։ «Այն, որ ընկերությունն արդեն երեք օր է՝ արտադրանք է թողարկում, արդեն շատ բան է նշանակում։ Նախկինում շուկայի 40 տոկոսը պատկանում էր «Աշտարակ կաթին», սակայն հիմա այդ թիվը հասել է 10 տոկոսի, և ներդնող կազմակերպությունն առաջիկայում կփորձի վերլուծել իրավիճակը»։ Ներդրող ընկերությունից հանդիպմանը ներկա էր առողջացման ծրագրերի ղեկավար Արտակ Ավագյանը, ում խոսքով՝ ընկերության սեփականատերեր են Արա և Արտակ Ասատրյանները։ Ավագյանի խոսքով՝ իրենք դեռ չեն կարող ասել, թե ինչ ներդրումներ են անելու «Աշտարակ կաթում», ծրագիր չունեն. «Այդ գործընթացն ընթանում է, մեր իրավաբաններն առավոտից իրիկուն աշխատում են, գույքագրում է կատարվում և այլն։ Ինչքան որ պետք լինի, այնքան էլ կներդնենք։ Կառավարությունը մեզ աջակցել է, բայց ոչ ներդրումների մասով»,-ասաց նա։ Փոխնախարարն էլ հավելեց , որ աջակցությունը եղել է հարկային և ֆինանսական որոշակի պարտավորություններ վերանայելու հետ  կապված։ Հարցին, թե կառավարությունը չի՞ փորձել, արդյոք, այդ նույն առաջարկներն անել «Աշտարակ կաթի» սեփականատերերին, Տիգրան Խաչատրյանը նշեց. «Եղել է քննարկում, որ եթե միայն հարկային և ֆինանսական հարցերը կարգավորված լինեն, ընկերությունը կկարողանա՞ շարունակել գործունեությունը, ցավոք սրտի, դա հնարավոր չէր, անհրաժեշտ էին ֆինանսական նոր ներդրումներ»։ Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթի» պարտքերին, ապա, Արտակ Ավագյանի խոսքով, պարտքերը կազմում են շուրջ 180 միլիոն դրամ։ Նրա խոսքով՝ բանակցություններ են ընթանում պարտատերերի հետ, մասնավորապես՝ գյուղացիների, որից հետո միայն կհասկանան, թե ինչպես են մարելու ընկերության կուտակած պարտքերը։