Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես եմ ասել Իսկանդերների տեղը, դրա համար վտանգավոր անձ եմ» (տեսանյութ)

Քաղաքականություն
karo-exnukyan

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը  դատարանում այսօր հանդես եկավ անսպասելի հայտարարությամբ: «Վտանգավոր անձ եմ, որովհետեւ  իմ բերանը չեն կարող փակել:  Ես խոսում եմ  եւ անում եմ այն, ինչ իմ մտքով անցնում է, առանց թաքցնելու:  Ես եմ ասել Իսկանդերների տեղը, դրա համար այդքան վտանգավոր անձ եմ»,- հայտարարեց Կարո Եղնուկյանը: Պաշտպանական կողմը  Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկում էր իր տեսակցությունների վրա դրված արգելանքը:  «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը  արգելանքը որակում է որպես պատիժ: « Երբ որ հորը թույլ չեն տալիս իր  5 երեխաների հետ տեսակցի, կնոջը տեսակցի, սա պատժից բացի այլ բան չի կարող դիտվել:  Ինչու համար 10 տարեկան անչափահաս աղջկաս թույլ են տալիս, իսկ 16 տարեկան աղջկաս թույլ չեն տալիս: Կամ եթե բացառության կարգով աղջկաս եւ կնոջս թույլ են տալիս, ինչո՞ւ երկրորդ անգամ թույլ չտան, տրամաբանությանը չի համապատասխանում»: Սահմանափակման անհիմն լինելը   պաշտպան Տիգրան Հայրապետյանը բացատրեց  նրանով, որ թեեւ   նախաքննությունն  արդեն ավարտվել է,  սակայն չի հանվել  տեսակցությունների սահմանափակումը: «Սա քաղաքական հարց է,  հարգելի դատարան: Կարո Եղնուկյանը քաղաքական հալածյալ է եւ քաղբանտարկյալ»,- ավելացրեց պաշտպանը: Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց ներկայացված բողոքի դեմ: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Աննա Մաթեւոսյանը որոշեց մերժել բողոքը, այսինքն՝ տեսակցությունների վրա դրված արգելանքը կպահպանվի: