Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետականը նպատակ է դրել ունենալ գազավիկների՞ կուսակցություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Anjela-Khachatryan

Վարչապետի եւ անկուսակցական նախարարների կուսակցական դառնալը սպասելի էր, այլ ճանապարհ նրանց չէր էլ սպասվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։ Ըստ նրա՝ հետաքրքիր էր շատ համագումարի ոգին։ «Երբ հայտարարում են, որ մեկ գիշերվա մեջ 7000 հոգի անդամակցեց կուսակցությանը, իրականությանը մոտ չէ։ Հետաքրքիր է քննել, թե 7000 հոգին մեկ գիշերվա մեջ ինչպես անդամակցեց եւ,  առհասարակ, գոյություն ունե՞ն այդ 7000 հոգին։ Խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն զարգանում է զուտ նրանով, որ 7000 հոգի անդամակցեց մեկ գիշերում՝ դա քաղաքական եւ գաղափարական մեսիջ չէ»,-ընդգծեց Ա. Խաչատրյանը՝ հավելելով, որ շատ է քննարկվում հատկապես «գազավիկների» կուսակցական դառնալը։ «Հիմա հարց է՝ Հանրապետականը նպատա՞կ է դրել ունենալու գազավիկների կուսակցություն»։ Անդրադառնալով ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցված մեսիջներին, Ա. Խաչատրյանն ասաց, որ դեռեւս հարց է՝ արդյո՞ք դրանք իրականանալու են։ «Մենք նմանատիպ մեսիջներ լսել ենք բազմիցս։ 2012 թ-ի ընտրություններից առաջ մենք լսել ենք, որ ԱԺ-ում այլեւս չեն լինելու մականունավորներ, սակայն այդ մեսիջը իրականություն չդարձավ։ Այս անգամվա մեսիջն այն է, որ լինելու են անբիծ ընտրություններ, սակայն խոսելով անբիծ ընտրությունների մասին՝ անում են հակառակը»։ Խոսքն այն մասին է, որ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ունենալ համամասնական եւ, այսպես կոչված, տարածքային՝ ռեյտինգային ցուցակներ։ «Արդյո՞ք տարածքային ցուցակներով մենք ունենալու եք անբիծ ընտրություններ, երբ արդեն մոբիլիզացված են բոլոր թաղային հեղինակությունները, բոլոր այն անձիք, որ ունեն վարչական, ֆինանսական ռեսուրսներ եւ հեղինակություն՝ իրենց շրջապատում։ Պարզ է չէ՞ թե ինչ մրցակցություն է լինելու, լինելու է ռեսուրսների պայքար եւ ոչ թե գաղափարների»,- ասաց նա։ ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանի խոսքերով՝ Ընտրական օրենսգրքի նպատակն այն է, որ մարդ կուսակցությունները չապակողմնորոշեն ժողովրդին եւ քաղաքական դաշտը չլցնեն ոչ պիտանի, ոչ կենսունակ քաղաքական ինստիտուտներով։ «ԸՕ-ում եղավ փոփոխություններ, որով հավասար հնարավորություններ պետք է ստեղծվեր ընդդիմության եւ իշխանության համար՝ ընտրական հանձնաժողովներ ձեւավորելու, ընտրական տեղամասերում դիտորդների, վստահված անձերի ներկայացվածությունն ապահովելու    առումով։ Մինչդեռ, մենք կանգնեցինք մի փաստի առաջ, որ այն, ինչ ասված էր Սերժ Սարգսյանի կողմից, արվեց, սակայն տրված հնարավորությունը ընդդիմությունը չկարողացավ օգտագործել»։