Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը բացեր ունի երեխաների մասով (տեսանյութ)

Հասարակություն
brnutyun-1

Արդարադատության նախարարության կայքից հանվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը: Այն կրկին հանրային քննարկման կդրվի հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումներ անցկացնելուց ու լրամշակելուց հետո։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զառա Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ճիշտ համարեց այդ քայլը։ «Ցանկացած օրենսդրական  նախագիծ անցնում է հանրային քննարկումների միջով, եթե չի անցնում, դա կոպիտ խախտում է համարվում»,-ասաց նա: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան, որը դեռ յոթ տարի առաջ էր հանդես եկել ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի նախաձեռնությամբ, այսօր նախագծի մշակմանը չի մասնակցել: «Այս օրենքի նախագիծը նույնպես ունի բացեր երեխաների մասով, և մենք առաջիկայում ներկայացնելու ենք մեր առաջարկությունները, թե ինչպես պետք է աշխատել երեխաների հետ»: Քննարկումները, թե ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը նպաստելու է, որ երեխաներին խլեն ծնողներից, Զառա Հովհաննիսյանը ծիծաղելի է համարում. «Որովհետև ՀՀ ընտանեկան օրենսգիրքն արդեն իսկ սահմանում է, որ այն դեպքերում, երբ երեխայի նկատմամբ սեռական կամ ֆիզիկական բռնություն է կիրառվում,  խնամակալների եւ հոգաբարձուների հանձնաժողովը կարող է մեկուսացնել երեխային»: Ընտանիքներում կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման հիմքերից մեկն իրազեկվածությունն է: Բայց նույնիսկ իմանալով սեփական իրավունքները, կանայք հաճախ խուսափում են դիմել իրավապահ մարմիններին: «Դատաիրավական համակարգը դեռևս այնքան թերի է այս հարցով, որ բռնարարները կամ չեն պատժվում կամ ստանում են շատ ցածր պատիժ: Եվ բռնության ենթարկված կանայք հաճախ տարակուսում են՝ գնամ հասնեմ դատարան, ի՞նչ է լինելու արդյունքում, եթե իրավունքս չեմ վերականգնելու, եթե իմ իրավունքը խախտողը պատիժ չի կրելու»,- ասում է իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը: 2010-2015 թվականներին Հայաստանում առնվազն 30 կին է սպանվել զուգընկերոջ կամ ընտանիքի անդամների կողմից: 2010  թվականից կնասպանության մեջ մեղադրվողների ճնշող մեծամասնությունը դեռևս չի դատապարտվել կամ ազատազրկվել: