Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն դուրս է մնացել վերահսկողությունից (տեսանյութ)

Քաղաքականություն
QKH

ՀՀ արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքները 2016 թ-ին սկսեցին խոչընդոտել։ Դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանն այսօր ներկայացնելով կատարված աշխատանքի արդյունքները՝ նշեց, որ 2005 թ-ից ի վեր խումբը խնդիր չի ունեցել տեսակցելու ցանկացած դատապարտվածի եւ ցանկացած խուց մտնելու համար։   «2016 թ-ից որդեգրվեց մի քաղաքականություն, որ եթե քննիչի կողմից արգելանք է դրված որեւէ անձի նկատմամբ, խումբը չի կարող այդ անձի հետ տեսակցել։ Միաժամանակ, խմբի անդամներին թույլ չէին տալիս մտնել խուց եւ դիտարկում իրականացնել։ Խումբը առհասարակ զրկվեց մտնել կալանավորվածների խուց»։ Ըստ նրա՝ ստացվում է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկն առհասարակ դուրս է մնացել վերահսկողությունից, քանի որ այս հիմնարկում ճնշող մեծամասնությունը կալանավորված անձինք են։ Բավական է, որ որեւէ խցում լինի կալանավորված անձ, եւ այդ խուց մտնելու հնարավորություն խմբի անդամները չեն ունենում։ «Քանի որ  բոլոր այդ արգելանքները վերաբերում էին քաղաքական հնչեղություն ունեցող անձանց եւ ոչ թե սովորական հանցագործություններ իրականացրած անձանց, ապա մեզ համար ակնհայտ դարձավ, որ սա ոչ թե իրավական ակտի վերլուծության հետեւանքով քաղաքականության փոփոխություն էր, այլ զուտ քաղաքականություն էր՝ հրահանգված»,-ընդգծեց Ռ. Ռեւազյանը՝ հավելելով, որ օրենքն ասում է, որ ձերբակալվածների եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի հնարավորություն ունեն դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ներկայացնելով 2014-15 թթ –ին կատարած ուսումնասիրության արդյունքները՝ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանը նշեց, որ բացահայտված խնդիրները վերաբերել են մասնավորապես բժշկական ոլորտին, վաղաժամ ազատ արձակման, պահման պայմաններին՝ գերբնակեցմանը։ Նա նշեց, որ հիմնականում լուծվում են անհատական խնդիրները, իսկ համակարգայինները լուծում ստանում են շատ դանդաղ։ «Բժիշկների թափուր հաստիքներն են շատ քրեակատարողական հիմնարկներում, չկան համապատասխան մասնագետներ։ Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կան, որոնք չեն լուծվում։ Այդ խնդիրներ ունեցող անձիք պահում են  մյուսների հետ, միաժամանակ,  չկան համապատասխան մասնագետներ»։ Ինչ վերաբերում  է կոռուպցիոն ռիսկերին, ապա ըստ Ա. Զալյանի՝ հիմնարկներում տարիների ընթացքում հայտնաբերվում են բազմաթիվ առարկաներ եւ իրեր, որոնք արգելված են։ «Հայտնաբերման դեպքում դատապարտվածներին կարգապահական տույժի են ենթարկվում, իսկ այն ծառայողական քննություններ , որ պետք է լինեին՝ բացահայտելու համար, թե տվյալ իրն ինչպես է թափանցել տվյալ քրեակատարողական հիմնարկ, կազմում էր ընդամենը 3-5 տոկոս»։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ իրենք ծանոթ են ուսումնասիրություններին եւ ներկայացրել են իրենց առարկությունները, սակայն փորձում են բարձրացված խնդիրներին լուծում տալ։ Մասնավորապես, գերբնակեցման հարցը լուծելու համար շահագործման է հանձնվել «Արմավիր» ՔԿՀ –ն։ Նա նշեց, որ իրենք ուշադրություն են դարձնում նաեւ բուժծառայությունների մատուցմանը, քննարկման են ներկայացրել քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության արդիականացման հայեցակարգը։ Արդեն անցկացվել է սարքավորումների մրցույթը եւ հաջորդ տարի կհագեցնեն առաջնային պահպանման օղակները, արդեն պատրաստվում են բժիշկները ։ Անդրադառնալով դատապարտված անձանց իրավունքները երաշխավորելուն՝ նախարարի տեղակալը նշեց, որ փորձում են թափանցիկություն ապահովել հենց քրեակատարողական ծառայության ներսում։ «Արդեն պատրաստ է էլեկտրոնային կառավարման  համակարգը, հաջորդ տարվա կեսից կանցնենք թվային շրջանառության, դա նշանակում է, որ ցանկացած գործողություն, որ կատարվում է քրեակատարողական հիմնարկի ներսում՝ սկսած անձի ընդունումից, բուժսպասարկումից, տույժերից եւ խրախուսանքներից եւ սոցիալականացման աշխատանքներից, բոլոր աշխատանքներն ամբողջությամբ արձանագրվելու է էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով»։