Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեգ Կյուրեղյանը ոտքի չի կանգնել, քննիչին հարցրել է մարտի 1-ի սպանդի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
img_9431.thumb_

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը  ոտքի չի կանգնել , երբ  դահլիճ է մտել  դատավոր Աննա Մաթեւոսյանը։  Ապա`  դռնփակ նիստում հարց է ուղղել քննիչին: «Նա հարցրեց, արդյո՞ք բացահայտել եք այն անձին կամ անձանց , ովքեր կազմակերպել եւ իրականացրել են 2008 թ մարտի 1-ի սպանդը»,- ասաց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  քննարկվում էր  Սասնա ծուռ Արեգ Կյուրեղյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը: Արեգ Կյուրեղյանը մեղադրվում է պատանդ պահելու, զենք զինամթերք կրելու, փոխադրելու եւ զենք-զինամթերք հափշտակելու մեջ: Կյուրեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: «Որեւէ ապացույց դատարանին չէր ներկայացվել, որը կհիմնավորեր, որ նա կատարել է այդ հոդվածով կամ  մյուս հոդվածներով իրեն մեղսագրվող արարքները»,- ավելացրեց պաշտպանը: Նույն դատարանում այսօր քննարկվում էր նաեւ Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրվող   Սամսոն Գաբրիելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Պաշտպանի խոսքերով՝ նա   հուլիսի 19-ի ուշ երեկոյան   գնացել է Սարի Թաղ, որտեղ ցուցարարները  նրան  կասկածել են ոստիկանության գործակալ լինելու մեջ եւ փորձել են ծեծի ենթարկել: Հավաքվածներին հակառակն ապացուցելու համար նա  զանգահարել է  ՊՊԾ գնդում գտնվողին. «Զանգահարում է Պավել Մանուկյանին եւ նրան խնդրում օդ կրակել, օդ են կրակում եւ սրանք հետ են քաշվում եւ ասում է, որ դուք շրջապատված եք եւ հնարավոր է, որ գրոհ ձեռնարկվի ձեր նկատմամբ, Պավել Մանուկյանը պատասխանում է, որ գիտեմ»,- ավելացնում է պաշտպան Հովիկ Արսենյանը: Այժմ Սամսոն Գաբրիելյանը  մեղադրվում է և  պատանդառության օժանդակման եւ թե շենք –շինություններ զավթելու օժանդակութան հոդվածներով: Ի դեպ, այսօր հայտնի դարձավ նաեւ Սասնա ծռեր խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար: Օրերս նրան մեղադրանք էր առաջադրվել գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Սմբատ Բարսեղյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: