Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կանանց նկատմամբ խտրականությունը պատմականորեն է ձեւավորված» (տեսանյութ)

Հասարակություն
xtr

Մինչեւ 2017 թ-ի վերջ Հայաստանում կընդունվի «Խտրականության դեմ պայքարի մասին օրենքի» նախագիծը։ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար  Իզաբելլա Սարգսյանի խոսքերով, խտրականության դեմ պայքարում օրենքը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է, քանի որ խտրականությունը պայմանավորված է հասարակության կարծրատիպերով եւ բազմաթիվ այլ գործոններով։ «Տարբեր խմբեր ունեն իրենց պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի օրենքը։  Օրենքում կարող են լինել խնդրահարույց կետեր, ինչպիսին օրինակ՝ Հայ  Առաքելական եկեղեցու դերի բացառիկության կետը։ Խտրականությունն արգելող օրենքում չի կարող խտրական դեր տրվել որեւէ կառույցի»։ Նրա դիտարկմամբ՝ խտրականությունը համապարփակ երեւույթ է եւ  պետությունը պետք է բոլորին հավասար իրավունքներ տա։ «Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիայի» համակարգող, իրավաբան  Անահիտ Չիլինգարյանի խոսքերով, թեեւ ՀՀ Սահմանադրությամբ  խտրականությունն արգելվում է, սակայն չկա խտրականության տեսակների մասին սահմանում, ինչը դատարաններում պաշտպանության մասով խնդիր է առաջացնում։ Ըստ նրա՝ թեեւ կա «Կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության մասին օրենքը», սակայն իրականում այն չի գործում, քանի որ ապացուցման շեմը չափազանց բարձր է։ «Մարդը դժվարանում  է ապացուցել, որ իր հանդեպ խտրականություն է ցուցաբերվել, քանի որ անձը ինքը պետք է ապացուցի, որ իր դեմ գործողությունների պատճառը խտրականությունն է, մինչդեռ, օրինակ, Եվրոպայում հակառակն է՝ պետք է ապացուցել, որ գործողությունների պատճառը խտրականությունը չէ»։ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Քաղաքացիական հասարակության ծրագրի» համակարգող Հայկ Աբրահամյանի խոսքերով՝ «Արգելում ենք խտրականությունը, սակայն չունենք խտրականության տեսակների սահմանում։ Դրանց հիման վրա կդասավորվի մեր վերաբերմունքը»։ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ծրագրերի համակարգող, իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանի խոսքերով,  իրազեկվածությունը կարող է ազդեցություն ունենալ, թե ինչպես է ներկայացվում եւ ընկալվում խտրականությունը։ «Կանանց նկատմամբ խտրականությունը խորքային երեւույթ  է։ Ընտանեկան բռնությունները, սեռով պայմանավորված հղիության ընդհատումները շատ համապարփակ երեւույթներ են եւ պետությունն այս դեպքում թիրախավորում է հետեւանքը ոչ թե պատճառը։ Այսինքն, եթե դու աղջիկ ես՝ քո դեն այնքան ցածր է՝ պայմանավորված քո սեռով, որ դեռ չծնված դու խտրականության ես ենթարկվում։ Ընդ որում՝ թեեւ իր մարմնի նկատմամբ որոշում կայացնելը կնոջ իրավունքն է , սակայն երբ խոսքը գնում է սելեկտիվ աբորտի մասին, ապա այստեղ կինն անգամ իր մարմնի նկատմամբ որոշում կայացնողը չէ, խնդիր ոչ թե աբորտն է, այլ սելեկտիվությունը»։ Իզաբելլա Սարգսյանի խոսքերով, կանանց նկատմամբ խտրականությունը պատմականորեն ձեւավորված երեւույթ է։