Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի գործը փորձում են միացնել «Սասնա Ծռերի» գործին (տեսանյութ)

Քաղաքականություն
as-1

«Անդրիաս Ղուկասյանի՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը տապալվել է, բայց որպեսզի շարունակեն նրան կալանքի տակ պահել, փորձ է արվում նրա գործը միացնել «Սասնա Ծռերի» գործին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Ղուկասյանի փաստաբաններ Ինեսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը: Վերջինս նշեց, որ երեկ հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին, որն իմանալով, որ փաստաբանը հանդիպելու է լրագրողների հետ, խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել նրանց. «Գործն, ըստ էության, տապալված է իրավական, փաստական առումով, եւ դրանում մեծ դեր ունեն նաեւ լրատվամիջոցները, քանի որ նրանց օնլայն հեռարձակումների, ինչպես նաեւ լրագրողների, օպերատորների ցուցմունքների հիման վրա մենք ապացուցեցինք, որ ոչ Անդրիաս Ղուկասյանը, ոչ Դավիթ Սանասարյանը, ոչ Արմեն Մարտիրոսյանը, ոչ էլ մյուս տղաները նման անկարգություններ չեն արել»: Փաստաբանները նշեցին, որ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Անդրիաս Ղուկասյանը նպատակ է ունեցել Սարի թաղից մարդկանց տանել ՊՊԾ գունդ, միանալ տղաներին եւ օժանդակել նրանց: Պաշտպանները այդ հաղորդագրությունից են իմացել, որ գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայություն, որևէ մեկը նրանց մինչ օրս չի իրազեկել այդ մասին: Կարեն Մեժլումյանը նշեց, որ Գեղամ Սահակյան անունով վկա է հայտնվել, ով «Առավոտ» օրաթերթին հարցազրույց է տվել ու քննչական գաղտնիք հայտնել, որ առաջիկայում Անդրիաս Ղուկասյանի հետ առերեսում է լինելու: Փաստաբանները նշեցին, որ քննչական գաղտնիությունից ելնելով՝ չեն կարող բացահայտել Գեղամ Սահակյանի ցուցմունքը, սակայն մի բան պարզ է, որ տպավորություն են փորձում ստեղծել, որ կան ապացույցներ, ձայնագրություններ, թե Անդրիաս Ղուկասյանը ցանկացել է մտնել ՊՊԾ գունդ: Փաստաբաններն ուսումնասիրել են վկայի անցյալը եւ պարզել, որ նա երկու անգամ դատված է եղել՝ փաստաթղթեր կեղծելու եւ անկարգություններ անելու համար, մեկ անգամ էլ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որը հետագայում հանվել է՝ անձի պարանոյիդ հոգեկան խանգարում ունենալու պատճառով, եւ նա բուժման է ուղարկվել: «Անձի պարանոյիդ հոգեկան խանգարումը ենթադրում է կասկածամտություն եւ փաստերի աղավաղման միտում, գործողությունների ոչ ճիշտ մեկնաբանում, եւ այս մարդու ցուցմունքը ընդունում են որպես հիմք»,-ասաց Մեժլումյանը: Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ հավելեց, որ Գեղամ Սահակյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ երկու անգամ զանգահարել է Անդրիաս Ղուկասյանին, մեկ անգամ էլ՝ հանդիպել. «Նա ասել է, որ Սարի թաղում է բնակվում եւ անհանգստացած է, որ այնտեղ հոսանք չկա, եւ խնդրել է Անդրիաս Ղուկասյանին զբաղվել այդ հարցով, ասել է, որ սարիթաղցիները ցանկանում են հանդիպել նրան, Ղուկասյանն էլ, կասկածանքներ ունենալով, խնդրել է նրան իր հարցը գրավոր ուղղել: Անդրիաս Ղուկասյանը չի հերքել, որ ճանաչում է այդ մարդուն, բայց ասում է, որ երբեք չի զանգահարել նրան»: Ինեսա Պետրոսյանը հավելեց, որ նրանց առերեսումը տեղի է ունեցել տարօրինակ պայմաններում. «Ոչ թե մեկուսարանում, ինչպես ընդունված է, այլ քննչական կոմիտեի շենքում»: