Հայաստանի ո՞ր զորամասերն են ենթարկվում ռուսներին (տեսանյութ)

Ռուսաստանն ու Հայաստանը միացյալ զորախումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել։ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախագծին ու հանձնարարել Հայաստանի հետ բանակցել՝ պայմանագիր ստորագրելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության իրավական տեղեկատվության կայքը։

Ինչու ենք ռուսներից իմանում նման պայմանագրի գոյության մասին։ Հարցն անհանգստացնում է քաղաքագետ Մանվել Սարգսյանին։ «Տպավորություն է ստեղծվում, որ գոյություն ունի նման զորամիավորում կամ ունեցել է, ու նոր օրինականացվում է»,- ասում է քաղաքագետը։

Չնայած ռուսական կողմը նոր է նման հայտարարություն անում, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պնդում է՝ զորախումբը նոր չէ, գործում է արդեն 10 տարի։ «Դա նույն զորախումբն է, որն իր խնդիրները կատարում է: Վերջին երկու տարիների ընթացքում որոշակի խնդիրների հստակեցման և կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել»,- «Ա1+»-ին փոխանցեց պարոն Հովհաննիսյանը։

Հայկական կողմի համար կարող է վտանգավոր լինել զորամիավորման կազմում Հայաստան-Նախիջևան սահմանը պահող 4-րդ բանակային կորպուսի զորամասերի ընդգրկումը։ Քանզի Ադրբեջանի հետ սահմանի այդ հատվածի հսկողությունը հայտնվում է ռուսների հսկողության տակ։

Կա՞ն արդյոք նման միավորներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է. «Դա գաղտնի ինֆորմացիա է, չեմ կարող հրապարակել, և հետո դա այն զորախումբն է, որի հրամանատարն է գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ընդգրկված են որոշ զորամասեր, հիմա հո չեմ կարող թվարկել»։

Հատկանշական է, որ գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար է նշանակվել այս տարվա հուլիսի 7-ին՝ ազատվելով նույն՝ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Ռուս-հայկական պայմանագրում բարդություններ կան, նկատում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։ Օրինակ՝ պատերազմի ժամանակ զորամիավորումը ղեկավարելու է ռուսական բանակի Հարավային ռազմական օկրուգի գլխավոր շտաբը։ «Ամենաէականն այն է, թե իրավունքները ոնց են բաշխվում։ Պատերազմական վիճակում Հայաստանը զրկվում է որոշումներ կայացնելու իրավունքից»,- նշում է Մանվել Սարգսյանը։

Չնայած թղթի վրա խոսվում է միացյալ զորամիավորման նկատմամբ Ռուսաստանի ու Հայաստանի հավասար իրավունքների մասին, քաղաքագետը դժվարանում է պատկերացնել մի իրավիճակ, երբ հայկական կողմն ընդդիմանում է ռուսների որոշումներին։

«Որևէ մեկն իրավունք չունի մարդուց խլել պաշտպանվելու իրավունքը։ Մենք դա պատերազմի ժամանակ տեսանք, ո՞նց եղավ, որ հրաման չտրվեց, ո՞նց եղավ, որ օգնություն չուղարկվեց։ Իրականության մեջ հրամաններ տվողներ չեն եղել, ինչո՞ւ, որովհետև լիազորված չէին։ Նախկին շտաբի պետն ասաց տեղյակ չէի, չգիտեմ՝ գնացել է Ռուսաստան, թե չի գնացել, էնտեղից հրաման է բերել…»,- մեկնաբանում է Մանվել Սարգսյանը։

Ապրիլյան պատերազմում առաջնագծի անորոշ վիճակն այն է, ինչ սպասվում է հայկական կողմին, եթե հայկական զորամասերից որոշներն անցնեն ռուսական հրամանատարության տակ։

loading