Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե 100 տարի առաջ հավաքվեր այդ 1000 դրամը, Արևմտյան Հայաստանը մերը կլիներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
meruzh

«Բանակին 1000 դրամ տալը պետք է լինի ազգային տուրքի գաղափար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: «Ես մեծ ոգևորություն ապրեցի Վիգեն Սարգսյանի այդ առաջարկից, քանի որ բարեգործություն անելը, անկախ նյութական վիճակից, մարդուն բարձրացնում է, վեհացնում»,-ասաց նա՝ հավելելով. «Այն, որ մենք բանակին պետք է ինչ-որ բանով օգտակար լինենք, առաջացավ ապրիլյան պատերազմից հետո: Եվ, գիտե՞ք, շատերը չէին գնում  ճակատ ոչ թե վախենալով թշնամուց, այլ որ իրենց մի բան պատահելուց հետո ընտանիքը կմնար սոված»: Դևրիկյանը կարծում է, որ ճիշտ կլինի նաեւ Սփյուռքից գումար հավաքել բանակի համար. «Լավ կլինի, որ Հրանուշ Հակոբյանը Սփյուռքին դիմի, որպեսզի սփյուռքահայությունը երկու ամիսը մեկ հինգ դոլար փոխանցի այդ ֆոնդին, հատկապես երկքաղաքացիություն ունեցողներին: Հայկական անձնագիրը չպետք է պարզապես աքսեսուար լինի»,-նշեց բանախոսը: Պարոն Դևրիկյանը ցավ է ապրել հասարակության շրջանում ծավալվող քննարկումների համար: Միևնույն ժամանակ, նա առաջարկում է, որ օրենքում որոշակի ընդառաջումներ լինեն նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում վճարել այդ գումարը. «Օրինակ, եթե մի կազմակերպությունում կա հիսուն աշխատող, եւ որևէ մեկը չի ցանկանում վճարել, մեկ այլ աշխատակցի միջոցով ծածկել դա»: Լրագրողների դիտարկմանը, թե խոսքը ոչ թե 1000 դրամ չտալու մասին է, այլ իշխանությունների նկատմամբ հասարակության անվստահության, Դևրիկյանը պատասխանեց. «Մենք թուրքերին չենք կարող ասել՝ սպասեք մինչ վստահությունը վերականգնենք: Չեմ կարծում, թե այդ գումարները տեղ չեն հասնի: Սա այն փողը չէ, որը կուտվի»,-ասաց Դևրիկյանը, որը, ի դեպ, զարմացել է, թե ստեղծված իրավիճակում ինչպես կարելի է 50 միլիոն դրամ տրամադրել բանակի օրվան նվիրված համերգին: Քննարկման մյուս բանախոսներից գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ հավելեց, որ ինքը կողմ է ֆոնդի գաղափարին. «Այո, այդ հազար դրամը պիտի տալ: Երանի չէ՞ր՝ 100  տարի առաջ այդ 1000 դրամները հավաքվեին, որ ազգը միավորվեր, եւ Արևմտյան Հայաստանը այսօր Թուրքիայում չլիներ: Մենք պարտավոր ենք վճարել այդ 1000 դրամները, բոլորս անխտիր: Բոլորդ էլ սրճարան գնում եք, չէ՞: Սրճարանում մեկ գավաթ սուրճն այսօր արժե 1000 դրամ: Ենթադրենք, ամիսը մեկ գավաթ սուրճ պակաս ես խմում»,-ասաց նա: Հրապարակախոսը հավելեց, որ չի կարծում, թե կգտնվի մի հայ, որը չի ցանկանա տալ այդ 1000 դրամը, պարզապես վստահության հարցն է այստեղ. «Ժողովուրդն ուզում է գնալ իր տված 1000 դրամի հետևից»: