Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ուժ` ՀՀ քաղաքական դաշտում. Այս պահին Ծառուկյանը դրա հետ կապ չունի (տեսանյութ)

Քաղաքականություն
miasnutyun-nkar

Հայաստանում իշխանությունը ժողովրդին վերադարձնելու առաքելությամբ ևս մեկ ուժ հայտնվեց քաղաքական դաշտում։ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովն այսօր էր՝ Երևանի շքեղ հյուրանոցներից մեկում։ Այն կուսակցություն չէ, սակայն հավակնում է դառնալ։ Նորաստեղծ ուժի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, «Հայազն» կուսակցության անդամներ։ Շարժման ղեկավար Արման Վարդանյանի խոսքով՝ իրենք գալիս են երկրում առկա խնդիրներին լուծումներ տալու, սակայն ինչպե՞ս են դա անելու՝ չունենալով իշխանություն. «Համազգային շարժումը պետք է ժողովրդին արթնացնի, ակտիվ հատվածին ներգրավի շարժման մեջ։ Մենք չենք հավակնում ընդամենը մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին, մենք պատկերացնում ենք, թե ոնց կարելի է հաղթել։ Մեր բոլոր ծրագրերը հաղթանակող ծրագրեր են»,- ասաց Արման Վարդանյանը։ Իսկ հաջողության պարագայում խորհրդարանում ո՞ր ուժի հետ է համագործակցություն տեսնում շարժման ղեկավարը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ, Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան...։ Հարցին ի պատասխան Արման Վարդանյանը կասկած հայտնեց, որ այս ուժերը կլինեն հաջորդ ԱԺ-ում. «Դուք այնպես եք հարցնում, ոնց որ բոլորը անցնելու են։ Ես կարծում եմ՝ ձեր ասածների կեսը չեն էլ անցնելու խորհրդարան։ Որևիցե մեկի հետ համագործակցություն չեմ բացառում, չեմ էլ պատկերացնում որևէ եզր»։ Նա հերքեց շրջանառվող լուրերը, որ իրենց թիկունքում այլ ուժ կարող է կանգնած լինել, օրինակ՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ի դեպ, վերջինիս մամուլի նախկին խոսնակը՝ Խաչիկ Գալստյանը ևս անդամակցում է «Միասնություն» համազգային շարժմանը. «Մենք քաղաքական դաշտում ներկայացնում ենք մեզ, մեր սերնդին մեր ժողովրդին»,- ասաց շարժման ղեկավարը։ Իսկ Խաչիկ Գալստյանը «Ա1+»-ի հետ զրույցում պատասխան չհաստատեց, բայց և չբացառեց պարոն Ծառուկյանի հետ համագործակցությունը. «Ծառուկյանի հետ ունեմ բացառապես նորմալ, առողջ հարաբերություն։ Շարժման հետ այս պահին պարոն Ծառուկյանը որևիցե կապ չունի»։ Ճշտող հարցին՝ արդյոք բացառո՞ւմ է նման համագործակցությունը տվյալ անձի հետ խորհրդարանական ընտրություններից առաջ, Գալստյանն ասաց. «Բոլոր այն մարդկանց հետ..., ովքեր առողջ սերնդափոխությունը տեսնում են հիմնական գործոն այս երկրում որևիցե բան փոխելու։ Այս գաղափարները ովքեր կիսում են, մեր կողքին տեղ ունեն»։ Մասնակիցները խոստացան առաջիկայում ակտիվ լինել քաղաքական դաշտում, ինչի համար հատկապես կարևոր է ֆինանսական ապահովությունը։ Արման Վարդանյանի պնդմամբ՝ իրենք գումարի խնդիր չունեն, ինքնաֆինանսավորվում են. «Կոնկրետ չմատնանշեմ՝ ով ինչքան է ֆինանսավորում։ Մեր ամբողջ ֆինանսական միջոցները գոյացել են մեր՝ իմ և իմ գործընկերների աշխատանքի շնորհիվ»։ Իսկ ինչպե՞ս է Արման Վարդանյանը վերաբերում վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած փոփոխություններին։ Արդյո՞ք դրանք իսկապես միտված են երկիրն  իրական զարգացման տանելուն. «Փոփոխություններ մի քիչ բարձր է ասված։ Իրականում շատ լավ գաղափարներ են։ Մենք սովոր ենք երևույթներին գնահատական տալ արդյունքով։ Այսօր դեռ որևիցե արդյունք չկա»։ Ժողովրդի դարդ ու ցավին տեղեկանալու, խնդիրներին լուծումներ փնտրելու համար «Միասնություն» համազգային շարժման անդամներից ոմանք կգնան մարզեր։ Մանրամասները՝ տեսանյութում