Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՊՊԱ-ի փոփոխություններից ամենաշատը կտուժեն տաքսու վարորդները

Հասարակություն
appa

Ավտոապահովագրության ոլորտում կատարված փոփոխությունների դեմ այսօր իրենց բողոքն էին բարձրացրել վարորդները։ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի»  հետ միասին նրանք հավաքվել էին  Ավտոապահովագրողների բյուրոյի շենքի առջև, որպեսզի հանդիպեն բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հետ։ Վերջինիս, սակայն, վրդովեցրել էր այն, որ վարորդները հանդիպման էին եկել լրագրողների հետ։ Վահան Ավետիսյանը պահանջել էր, որպեսզի իր մոտ բարձրանար միայն «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը, սակայն  վերջինս նշեց, թե իր լիգայի անդամ են մի քանի ՀԿ-ներ,եւ ճիշտ չի լինի, որ նա փակ դռների հետևում քննարկումներ վարի բոլորի փոխարեն։ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Պողոս Օղնուկյանը, ով մեքենա է վարում շուրջ 40 տարի,  «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, թե որ փոփոխություններն են հատկապես առաջացրել իրենց դժգոհությունը. «ԱՊՊԱ գործակալությունների դեմ է մեր բողոքը, որոնք ամեն օր այնպիսի հաշվարկներ են անում, որ իրենց եկամուտը շատացնեն, նրանք թքած ունեն հասարակության կարծիքի վրա։ Առաջ մեքենայի ԱՊՊԱ-ն արվում էր հետևյալ կերպ՝ ունեմ մեքենա իմ անունով, ԱՊՊԱ-ն արվում է իմ անունով։ Դա արժեր, ասենք, 10 հազար դրամ, եւ եթե ես ուզում էի, որ իմ մեքենան վարեին մի քանի մարդ, ապա դրա համար վճարում էի ավել 5 կամ 10 հազար դրամ՝ կախված մեքենայի շարժիչի հզորությունից։ Էսօր իրենք դարձնում են դա պարտադրողական, փոխեցին սարքեցին անսահմանափակ վարորդ։ Եթե իմ մեքենան ես եմ վարում, ոչ մեկին չեմ տալիս, ինչի՞ պիտի ավել վճարեմ։ Հաջորդ հարցը, ենթադրենք ես ունեմ երեք մեքենա իմ անունով, տալիս եմ քշում են տարբեր մարդիկ։ Եթե նրանք վթարի են ենթարկվում մինուսը՝ մալուսը, գալիս է իմ վրա, ինչի՞  համար, եթե նրանք ունեն վարորդական իրավունք»։ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, թե այս փոփոխություններից ամենաշատը տուժում են տաքսու վարորդները. «Տաքսի սերվիս ունեցողները,  ձեռներեցները, ավտո ներկրողները, տրամադրելով իրենց մեքենաները այլ մարդկանց,  ամբողջ պատասխանատվությունը իրենք են կրում։ Այսօր տաքսի սերվիսներ կան, որ վեց ամիսը մեկ ստիպված իրենց կազմակերպության անունը փոխում են եւ նույն չարաբաստիկ վարորդներով դառնում են այլ կազմակերպություն»։ Ավելի ուշ, ի վերջո, լրագրողներին և վարորդներին հաջողվեց հանդիպել Վահան Ավետիսյանի  հետ։ Նա վարորդներին առաջարկեց օր պայմանավորվել եւ  առանձին հանդիպել։ Նա համաձայնեց, որ տաքսու վարորդները ավելի շատ գումարներ պետք է վճարեն ապահովագրության համար, բայց դա այն պատճառով է, որ նրանք համարվում են ռիսկային։ «Ես չեմ հասկանում՝ ինչ ուղիներ պիտի գտնենք հանրության այն հատվածի համար, որը դժգոհ չէ այս փոփոխություններից եւ ցածր ռիսկային խմբում է։ Արդյոք այդ մարդիկ պատրաստ են վճարել ավելի շատ՝ բարձր ռիսկային խմբի վարորդների փոխարեն»,-ասաց նա։ Հարցին, թե գումարը բարձրացնելիս՝ արդյո?ք հաշվի են առել վարորդների սոցիալական վիճակը, քանի որ, օրինակ, տաքսիստները շատ չեն վաստակում, պարոն Ավետիսյանը դրական պատասխան տվեց. «Սոցիալականը հաշվի առնելով՝ եթե 4 անգամ պիտի բարձրացնեինք, ապա 2  անգամ ենք բարձրացրել»։