Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻՆՉՈՒ՞ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՎՈՒՄ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ»

Քաղաքականություն

ԻՍԿ ՄԻ՞ԹԵ ՆԱ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է

Այսօր երկրի գաղափարական երկու կուսակցությունների` ՀՀՇ-ն եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները անգամ փոխադարձ հաճոյախոսություններ են շռայլում միմյանց հասցեին. պատճառը պարզ էր. «անգաղափար քաղաքական դաշտում երկու գաղափարներին նվիրված կուսակցություններն իրար հանդեպ հանդուրժող են դարձել»:

Համենայն դեպս այդպես բացատրեցին այսօր ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ու ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

Բայց միմյանց հանդեպ հանդուրժողականության դրսեւորման այսօր լրագրողները առանձնապես ականատես չեղան. Արամ Մանուկյանը մեղադրում էր գործող իշխանությանը այսօր առկա իրողությունների համար, Ալվարդ Պետրոսյանն էլ համաձայնում էր նրա հետ՝ ավելացնելով, որ այդ ամենը սկսվել է ՀՀՇ-ի օրոք: Բայց մինչ այդ բանախոսները գովերգեցին իրենց կուսակցությունները:

Կայուն որակ, գաղափարախոսություն, բարոյականություն, քաղաքական մշակույթ կերտող կուսակցություն. այսպես ներկայացրեց Ալվարդ Պետրոսյանը հարազատ կուսակցությանը՝ նկատելով, որ ՀՅԴ-ն միշտ ունի թեեւ ոչ շատ մեծ թվաքանակով, բայց կայուն ընտրազանգված:

«ՀՀՇ-ն կա, հզոր է, ուժեղ է»,- հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Նա տեղեկացրեց, որ երբեք իրենց կուսակցությունը ուռճացած չի եղել, կուսակցության հաջողության պիկին ՀՀՇ-ին անդամակցում էր 20 հազար մարդ, այսօր 6000: «Երբ վաղը իշխանության մեջ չեք լինի, կտեսնեք, թե ինչպես պատեհապաշտ մարդիկ կլքեն Դաշնակցությունը»,- Ալվարդ Պետրոսյանին վստահեցրեց Արամ Մանուկյանը: Տիկին Պետրոսյանը հիշեցրեց, որ մինչ իշխանության մաս կազմելը իրենք ընդդիմություն են եղել եւ ՀՀՇ-ի իշխանության օրոք հալածվել, ինչպես ստալինյան բռնապետության տարիներին:

Արամ Մանուկյանը հռետորական հարց ուղղեց ներկաներին. «Փակվա՞ծ է արդյոք Վահան Հովհաննիսյանի գործը: Այսօր մեխն է ձեր ձեռքում, մուրճն էլ, գործն էլ այն ժամանակ Աղվան Հովսեփյանն էր վարում: Ինչո՞ւ չի կայացվում արդարացման դատավճիռ. նա ազատ է արձակվել իրավիճակի փոփոխության հետեւանքով, ինչո՞ւ չեն ազատվում նույն գործով ցմահ ազատազրկված մարդիկ»: «Իսկ «ձեր կառուցած երկրի» դատական համակարգում հնարավո՞ր է դա անել»,- հարցրեց Ալվարդ Պետրոսյանն, ապա զարմացած դիմեց Արամ Մանուկյանին. «Դուք իսկապե՞ս կարծում եք, որ Վահան Հովհաննիսյանը հանցագործ է»:

ՓՈՐԱՀԱՑՈՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ

Բանախոսները ավանդաբար միմյանց մեղադրեցին նախկինի եւ ներկայի համար, իսկ Արամ Մանուկյանը կոչ արեց առաջ գնալ, ոչ թե ետ նայել:

Ես սահուն կերպով անցավ այսօրվա մտավորականությանը, որոնք պատեհապաշտությունից դրդված անդամագրվում են տարբեր կուսակցությունների. «Դաստայով մտնում են մի կուսակցություն: 60-70 տարեկան ակադեմիկոսները այդ տարիքում կուսակցական կողմնորոշում են ձեռք բերում»: Կամ.« Կուսակցությունները ժողովրդին կերակրելով բարգավաճում են. վախեցեք ձեզ հաց տվողներից, վաղը նրանք ձեր հոգիներն են առնելու»,- մարդկանց զգուշացրեց Արամ Մանուկյանը:

Այսօրվա իշխանությունը մարդկանց մեջ կոտրեց հավատը, դարձրեց մանկուրտ, մարդիկ մի փորահացի ստիպվածությամբ մտնում են կուսակցություններ, մի խումբ լուրջ փալասներ պատրաստ են պատմություն ունեցող կուսակցությունը վերածել անձի կուսակցության»,- ՀՀԿ-ին նկատի ունենալով ասաց Արամ Մանուկյանը: Ալվարդ Պետրոսյանը, համաձայնելով Մանուկյանի հետ, ասաց, որ վերջիններիս ղեկավարման ժամանակ է դրվել այս երեւույթի հիմքերը. «Երբ երեխադ կուշտ է, հեշտ է գաղափարների մասին խոսելը»,- նկատեց Ալվարդ Պետրոսյանը՝ ակնարկելով ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, որի պատճառները , ըստ նրա, գալիս են նախորդ իշխանության ղեկավարման տարիներին:

ՄԻԱ՞ՅՆ ՀՀՇ-Ն Է ՄՏԱԾՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

«Միայն ՀՀՇ-ն է ԼՂՀ կարգավորման անհրաժեշտության մասին պաշտոնական գրավոր հայտարարությամբ հանդես գալիս եւ միայն ՀՀՇ-ն է ուզում լուծված տեսնել ղարաբաղյան կոնֆլիկտը»,- վստահեցրեց Մանուկյանը: Ալվարդ Պետրոսյանը չի տեսնում մի ուժ, որը շահագրգռված չի կոնֆլիկտի լուծման հարցում: «Ի տարբերություն ՀՀՇ-ի` ՀՅԴ-ն երբեք Ղարաբաղը չի առանձնացրել Հայաստանից, եւ երբ ասում ենք Հայաստանի անկախություն, նկատի ունենք նաեւ Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Ալվարդ Պետրոսյանը, եւ խիստ զայրացավ Արամ Մանուկյանի այն դիտարկումից, թե երկրում ստեղծված իրավիճակը երկու ղարաբաղցու ձեռքի գործն է. «Քննադատեք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց մի ասեք ղարաբաղցիներ, դրանով սեպ եք խրում մեր ազգի մեջ,- հանդիմանեց գրող Ալվարդ Պետրոսյանը:

ԵԹԵ ՈՉ ՀՀՇ- Ն, ՀԱՊԱ ԷԼ Ո՞Վ

Մեր հարցին, թե եթե աջ, լիբերալ ուժերը կարողանան հաղթահարել ամբիցիաները եւ միավորվել, ՀՀՇ-ն կլինի՞ այդ դաշինքում եւ կղեկավարի՞ այն` պարոն Մանուկյանը առանց ավելորդ համեստության հայտարարեց, որ եթե իրենք չղեկավարեն, ապա ո՞վ կղեկավարի լիբերալ թեւը: Իսկ Ալվարդ Պետրոսյանը լրագրողներից փորձում էր պարզել, թե ովքեր են այդ լիբերալ ուժերը. լրագրողներից մեկը նշեց Հովհաննես Հովհաննիսյանի անունը: «Բայց ի՞նչ լիբերալ, նոմենկլատուրային գործիչը, նույնիսկ ոչ թե կուսակցության, այլ կոմսոմոլի ներկայացուցիչը»,- ասաց Ալվարդ Պետրոսյանը:

ՀՀՇ-ն առայժմ չի կողմնորոշվել` կմասնակցի՞ ընտրություններին, թե ոչ: Արամ Մանուկյանն այսօր չբացառեց, որ նայած իրավիճակին, կարող է ընդհանրապես հրաժարվեն ընտրություններին մասնակցելուց: Ի դեպ, նա նկատեց նաեւ, որ եթե 5-7 տոկոս ձայն հավաքեն, մանդատները վայր կդնեն, որովհետեւ անիմաստ է այսօրվա խորհրդարանական մեծամասնության նման ուժի հետ բանավեճի գնալ:

ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն, ԹԵ՞ ԱՐԵՒՄՈՒՏՔ

Բանախոսները զերծ չմնացին նաեւ արտաքին քաղաքականության մասին վեճից: Երբ Արամ Մանուկյանը այսօրվա իշխանությանը մեղադրեց ՌԴ-ին անհատույց հողեր հանձնելու մեջ՝ ռազմաբազաների տարածքը, Ալվարդ Պետրոսյանը նրան հիշեցրեց Շահումյանի կորուստը, որը «արդյունք էր Լեւոն Տեր Պետրոսյանի անթույլատրելի հոխորտանքի, երբ դեռ կայսրության մասին հայտարարեց, թե այն արդեն դիակ է»:

«Իսկ դուք հիմա՞ ինչի եք հասել ձեր արեւմտամետությամբ»,- հարցրեց Մանուկյանին Ալվարդ Պետրոսյանը: Իսկ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ինքը արեւմտամետ չի, այլ հայաստանամետ:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21- Ը` ՀՀՇ-ԻՆ, ԱՊՐԼԻԼԻ 24-Ը ՀՅԴ -ԻՆ

Իսկ վերջում, անկախության տարիների ձեռքբերումների ու կորուստների մասին բանախոսներն ասացին, որ ամենամեծ կորուստը մարդկանց հավատի կորուստն էր, իսկ ձեռբերումը անկախ ապրելու, եւ թեկուզ այսպես բանավիճելու իրավունքը:

Ի դեպ, Արամ Մանուկյանը ՀՅԴ-ի հանդեպ հանդուրժողականության օրինակ բերեց՝ նկատելով, որ իրենք առաջին հանրապետությունից վերցրել են բոլոր սիմվոլները՝ գերբ, դրոշ, հիմն, «եւ անգամ Արամ Մանուկյանին, որը ընթերցել է հռչակագիրը»: Բայց վերջում պարոն Մանուկյանը մեղադրեցՀՅԴ-ին անընդհատ հետ նայելու եւ հարեւանների հանդեպ անհանդուրժողականության համար. «Մեր տոնը սեպտեմբերի 21-ն է, ձերը ապրիլի 24-ը»,- ասաց Արամ Մանուկյանը եւ խորհուրդ տվեց մի ջահերով երթ էլ անկախության օրը կազմակերպել: ԱլվարդՊետրոսյանը բավականին վիրավորված տեղեկացրեց, որ անցյալ չունեցող ազգը չի կարող ներկա ու ապագա ունենալ, եւ խորհուրդ տվեց ՀՀՇ-ի 6000 անդամից մի 100 հոգու կազմակերպել, որ անկախության տոնը, որը ՀՀՇ-ն սեփականաշնորհել է, տոնեն՝ ջահերով: