Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաքին որդին կկարդա հոր նամակը՝ կալանավայրից (տեսանյութ)

Քաղաքականություն
shahen-har

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, իր քաղաքական հայացքների համար դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ մի շարք այլ քաղբանտարկյալների երեխաներ Ազատության հրապարակում ժամը 5-ին կանցկացնեն հանրահավաք-երթ՝ Գայ ֆոքսի դիմակներով: Հոր կալանավորումից հետո Շահեն Հարությունյանն արդեն 4-րդ տարին կազմակերպում է Անոնիմուսների երթը՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Շահեն Հարությունյանի հետ եկել էին նաեւ Շանթ Հարությունյանի հետ դատապարտված Ալեք Պողոսյանի հինգ որդիներից երկուսը՝ Մարտունն ու Րաֆֆին: Վաղը Ազատության հրապարակում նրանք հանդես կգան հայտարարությամբ՝ կընթերցեն իրենց հոր նամակը, որ նա ուղարկել է ՔԿՀ-ից: Իսկ այսօր Մարտունը նշեց, որ ուզում են, որ բոլորի կյանքը լինի ազատ եւ այդ պատճառով էլ շարունակելու են իրենց հոր գործը: Իսկ Րաֆֆին պատճառաբանեց, թե ինչու Ալեք Պողոսյանի հինգ որդիներից միայն երկուսն են դեռ պայքարում. «Մենք ենք երեխաներից մեծը, դրա համար ենք շարունակում մեր հոր գործը. մեր եղբայրներն ու քույրերն էլ, որ մեծանան, կշարունակեն նույն ոգով: Մենք հպարտ ենք, որ մեր հայրը Ալեք Պողոսյանն է»: Ի դեպ, վաղվա բողոքի ակցիային նախատեսվում է, որ կմասնակցեն նաեւ այլ քաղբանտարկյալների երեխաներ: Մեկնաբանելով հանրահավաք-երթի իրենց պահանջներն ու նպատակները՝ Շահեն Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում այսօր կան քաղբանտարկյալներ, որոնք այսօր արդեն յոթ տասնյակի են հասնում. «Թիվը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ քաղբանտարկյալ կա այն երկրում, որտեղ չկա ժողովրդավարություն, ոտնահարվում են խոսքի ազատությունն ու Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքները: Այսօր բանտում են հայտնվում նրանք, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Հորս հետ քաղբանտարկյալ դարձան եւս տասնչորս քաղաքացի: Մեր հանրահավաք-երթի հիմնական նպատակներից մեկն էլ հասարակական կործանված գիտակցության վերացումն է, որը իշխանություններն անում են սերիալների, անորակ երաժշտության միջոցով: Նման ակցիաներով ուզում եմ քայլ առ քայլ կոտրել այդ գիտակցությունը»: Այս չորս տարվա ընթացքում, կազմակերպելով Անոնիմուսների հանրահավաք-երթը, ի՞նչ արդյունքների են հասել բողոքի ակցիայի կազմակերպիչները հարցին, Շահեն Հարությունյանը պատասխանեց, որ  իրենց պահանջների իրականացման իմաստով՝ ազատություն քաղբանտարկյալներին, արդյունքի չեն հասել. «Սակայն դա չի նշանակում, որ պայքարը չենք շարունակելու. ժողովուրդն իր պահանջն է ներկայացնելու, ինչքան ճնշումներ իրականացնեն իշխանությունները՝ վախեցնեն, մեր պայքարն ավելի համառ ու մարտունակ է դառնալու ու հետագայում ավելի ծանր դատաստանի առաջ են կանգնելու խանգարողները»: Նա նկատեց՝ տարիներ առաջ իր հոր կազմակերպած բողոքի ակցիային ընդամենը երկու-երեք հարյուր մարդ էր մասնակցում, հաջորդ անգամներին ավելի շատ էին՝ ավելի, քան հազար մասնակից. «Կարող ենք ենթադրել, որ ժամանակի ընթացքում գիտակցության փոփոխություն է տեղի ունենում: Այս տարի նույն տրամաբանությամբ կարելի էր ենթադրել, թե ավելի շատ մարդ կլինի, սակայն ամառվա դեպքերից հետո վախի մթնոլորտը շատացել է, ու դա խանգարող հանգամանք է մեզ համար: Սակայն կարծում եմ՝ մինիմալ զանգված էլ, եթե լինել, այդ վախի մթնոլորտը հնարավոր է կոտրել»: