Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեից գազ մատակարարողին սուբսիդավորում չի լինելու. վարչապետ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-karapetyan-9

«Բյուջեն, կառավարությունը, որեւիցե սուբսիդավորում գազ մատակարարող ընկերությանը չի անում՝ ոչ ստվերային ոչ ուղիղ, ոչ մի ձեւ»,- այսօր կառավարության օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը նշելով, թե այս հարցի շուրջ որոշակի թերըմբռնում կա: «Գազպրոմ Արմենիան» փորձում է մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա, ընդլայնվի եւ բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատի, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա»,- վստահեցրեց վարչապետը՝ հիշեցնելով, որ սակագինը 10 հազար խորանարդ մետրից ավելին գազ սպառողի համար 257, 56 դոլարին համարժեք դրամից դարձել է 242,1 դոլար: Եթե կազմակերպությունը սպառում է ավել գազ, քան նախկինում է սպառել և ցուցակը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ապա ավել գազի համար իր սակագինը 212 դոլարին համարժեք դրամ կլինի: 10 հազար խորանարդ մետրից պակաս սպառող բնակչության համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ։ Ինչ վերաբերում է ջերմոցներին և գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին, ապա վարչապետը հայտնել է, որ սակագինը 257,56 դոլարից դառնում է 212 դոլար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ներկայացրեց սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկում  է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ: «Որոշման նախագծով սահմանվում է, որ սոցիալապես անապահով ընտանիք է համարվում՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 20 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքը»,- նշեց նախարարը եւ խնդրեց նրանց նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերել: