Նախարարը տպավորվել է Կոտայքի մարզի ցուցանիշներից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Կոտայքի մարզ` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նախարարի առաջին կանգառը Զովունի համայնքում գործող «Թամարա և Անի» ՍՊԸ-ում էր, որտեղ հետևել է կաթնամթերքի արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ: Արտադրության գծով փոխտնօրեն Տիգրան Շալջյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սկզբից մթերել են շուրջ 1100 տոննա կաթ, մթերման գինը 150 դրամ է, պարտքեր չունեն:

Կաթի մթերման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար նախարարն առաջարկել է տեղում հիմնել սառնարանային տնտեսություն, որտեղ կհավաքագրվի մոտակա համայնքների փոքր ֆերմերային տնտեսությունների արտադրած կաթը: Միաժամանակ նախարարն ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատրաստակամությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերել սարքավորումների տրամադրման հարցում:

Այնուհետև նախարարն ուղևորվել է 2014 թվականին Նոր Գեղի համայնքում հիմնադրված «Կլուբնիչնայա պոլյանա» ՍՊԸ ջերմոցային տնտեսություն: Ընկերության հիմնադիր Ռուդոլֆ Մարգարյանը նշել է, որ ելակի արտադրության կազմակերպ­ման համար Հոլանդիայից ներկրել են «Ալբիոն» սորտի բուսակներ, որոնց մեկ բույսից տարվա ընթացքում հնարավոր է ստանալ մինչև մեկ կիլոգրամ բերք: Արտադրանքը սպառվում է Հայաստանում և արտահանվում հիմնականում Ռուսաստանի Դաշնություն:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է Առինջ համայնքում գտնվող «Մուլտի Ագրո» մեղվաբուծական գիտական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի ջերմոցային տնտեսության աշխատանքներին: Նախարարը զրուցել է գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն ՌոզաԾառուկյանի և աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են մեղվաբուծությանն առնչվող հարցեր, ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Նախարարի հաջորդ կանգառը Մայակովսկի համայնքի «Զոր» ՍՊԸ-ում էր, որը շահագործման է հանձնվել 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին: Մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսն այստեղ սպանդի են ենթարկվել 31800 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, ստացված մսեղիքը առաքվել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախարարը հետաքրքրվել է` արդյոք ի վիճակի են  մարզի պահանջարկն ամբողջությամբ բավարարել` բակային մորթը սահմանափակելու  վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում:

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ մարզում առկա են հինգ սպանդանոցներ, որոնցից երեքն այս պահին գործում են, ամբողջ հզորությամբ աշխատելու պարագայում Կոտայքի մարզում կարող են անհրաժեշտ գլխաքանակի մորթ իրականացնել:

Նախարարի հարցին ի պատասխան` սպանդանոցի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը հավելել է, որ սպանդի ենթակա կենդանին սպանդանոց և այնուհետև միսը խանութներ տեղափոխելու ծառայությունը և ծախսերը նույնպես պատրաստ են հոգալ:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է  մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին համայնքապետեր և ֆերմերներ, մարզում գործող սպանդանոցների տնօրեններ:

«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այսօր նպատակ ունի վերանայել ոլորտում գործող քաղաքականությունը, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա բոլոր մարզերում: Ինչ վերաբերում է Կոտայքի մարզին, ես տպավորված եմ այստեղ գրանցված ցուցանիշներով, բայց համոզված եմ, որ մարզն ունի զարգացման ավելի մեծ ներուժ: Այսօրվա հանդիպման նպատակն է վեր հանել առկա խնդիրները և քննարկել, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել պետությունը, որպեսզի մարզը շարունակի զարգանալ և բարձրանա աշխատանքի արդյունավետությունը», – նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում Իգնատի Առաքելյանը մատնանշել է գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ խնդիրները, մասնավորապես, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման, ջրարբիացման համակարգերի ներդրման, մթերումների գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը: Նախարարն ընդգծել է նաև սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով բակայինից սպանդանոցային մորթի անցնելու կարևորությունը:

ՀՀ կառավարության ծրագրով  նախատեսվում է 2017 թվականից սկսած մինչև 2021 թվականը փուլային անցում կատարել պարտադիր սպանդանոցային մորթի, այժմ կազմակերպվում են քննարկումներ համապատասխան աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ խնդիրներ, ներկայացվել առաջարկներ ագրարային ոլորտի բարելավման և հետագա զարգացման վերաբերյալ:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին