70 միլիարդով քիչ ծախս ենք ակնկալում. քննարկվում է 2017 թ. բյուջեի նախագիծը
2017թ. ավելի պահպանողական վարքագիծ 2017թ. Պետական բյուջեի նախագծի քննարկմանն այսօր ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ եկող տարի արտաքին աշխարհի ցնցումները բացասական ազդեցություն են ունենալու մեր տնտեսության վրա. «Նվազող դեֆիցիտի միջոցով ենք ուզում կազմել մեր բյուջեն: Բյուջեի կազմման հիմքում դնելու ենք տնտեսության չխեղդող գաղափարը: Նախատեսում ենք 3.2 տոկոս տնտեսական աճի մակարդակ ՀՆԱ-ի նկատմամբ: Հարկաբյուջետային քաղաքականությունը կդարձնենք հասկանալի ու թափանցիկ: Որպեսզի չունենանք դեֆիցիտի ավելացում, ու գործարար աշխարհին չճնշենք, որպեսզի նրանք կարողանան վերարտադրվեն, եկող տարվա համար ստեղծելու ենք նորմալ պլատֆորմ, ավելի աշխույժ տնտեսական իրավիճակներ»: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն իր զեկույցում նշեց, որ մակրոտնտեսական միջավայրի համար պետք է պահպանեն կայունությունը. «Նախատեսում ենք գյուղատնտեսության ծառայությունների աճ, սակայն շինարարության ոլորտում՝ մի փոքր անկում: Արտահանման ցուցանիշը կլինի առաջանցիկ: Դրամավարկային շուկան այս տարի համեմատաբար համեստ տեմպեր ունեցավ, մյուս տարի տնտեսական վերականգնման փուլում վարկավորումը մի փոքր ավելի բարձր է լինելու, դրամային բազան կաճի: Պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 54.5 տոկոս, եկող տարի պարտքի վերցման աճի տեմպերը կամաց-կամաց պետք է մեղմել: Պետք է ավելի պահպանողական վարքագիծ ունենանք: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 27 տոկոս, 0.3 տոկոսով այն աճեցնելու ենք եկող տարի ի հաշիվ վարչարարության, օրենսդրական փոփոխությունների: 70 մլրդ-ով ավելի քիչ ծախսեր ենք ակնկալում: Ի դեպ, կապիտալ ծախսերը նախատեսում ենք 95 մլրդ կարգի, որը նախատեսում ենք իրականացնել արտաքին դոնորների ֆինանսավորմամբ, որպեսզի չվտանգենք մեր հարկաբյուջետային քաղաքականությունը: Պակասուրդը կկազմի 150 մլրդ դրամ՝ 2.8 տոկոս ՀՆԱ-ի մեջ: Հետեւաբար, եկող տարի ծախսերը կկազմեն 22.4 տոկոս, եկամուտները՝ 25.2 տոկոս»: Ըստ նրա՝ ծախսերը կտեղաբաշխվեն երեք հիմնական գերակայությամբ՝ սոցիալական ոլորտ, անվտանգություն եւ տնտեսական պոտենցիալի ապահովում: