«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովը (տեսանյութ)
« Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հրավիրել է արտահերթ համաժողով, որի նպատակը կուսակցության նոր վարչություն ընտրելն է: Համագումարին հրավիրվել են ընդդիմադիր մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը, «Հանրապետություն կուսակցությունից» ՝ Արամ Սարգսյանը, ՀՀՇ-ից՝ Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաև Հրանտ Բագրատյանը: Թե Արամ Սարգսյանը, թե Ալեքսանդր Արզումնյանն իրենց խոսքում կարևորեցին միասնական իրական ընդդիմության միավորումը: « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում հիշեցրեց, որ վարչությունը հրաժարական է տվել ՏԻՄ ընտրություններում կրած պարտության պատճառով և քաղաքական պատասխանատվություն է ստանձնում ձախողման համար: «Սա քաղաքական նոր մշակույթի ձևավորման նոր սկիզբ պետք է դառնա և վարակիչ պետք է լինի նաև մյուս քաղաքական ուժերի համար»-, ասաց նա: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, նշեց, որ ՏԻՄ ընտրություններում ունեցել են և հաջողություններ և անհաջողություններ: Նրա խոսքով, Կապանում, Հրազդանում և Նոր կյանք գյուղում ունեցած հաջողությունները չկարողացան կրկնել Վանաձորում և Գյումրիում, քանի որ զբաղված էին ավելի կարևոր գործերով, մասնավորապես՝ քառօրյա պատերազմի ժամանակ Սասուն Միքայելյանը «Սասուն» ազատամարտիկների ջոկատով մեկնեց ԼՂՀ Մարտունու շրջան, առաջնագիծ, ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության գործում բանակին օգնելու համար: Այնուհետև Սասնա ծռեր խմբի գործողություններն սկսեցին, որի ընթացքում կուսակցության թիվ մեկ նպատակը Երևանում արյունահեղություն թույլ չտալն էր: Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ավարտին ուրվագծեց կուսակցության նոր վարչության անելիքները՝ ամփոփելով դրանք երեք կետերում: 1. Կուսակցության Ինտիտուցիոնալ և ֆինանսական հզորացում 2. Գտնել համախոհ անձանց և կուսակցությունների, որոնց հետ հնարավոր է գաղափարական միավորում, մեկ կուսակցության մեջ 3. Հետևել առհասարակ քաղաքական դաշտում իրականացող գործընթացներին Ավելացնենք միայն, որ ՔՊ կուսակցության վարչության անդամ է առաջադրվել 20 թեկնածու: