Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիս-հարավ մայրուղում երթևեկությունը կարգավորող նշանները քիչ են

Քաղաքականություն
2016-1506201691_118681437

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 28-ին աշխատանքային այցով եղավ «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատվածում, որտեղ ընթանում են նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող ուղեանցերի վերակառուցման աշխատանքներ։ Նախարարը նախ ծանոթացավ Մարմարաշեն համայնքի և Մասիս քաղաքի հատման հատվածում, ապա նաև՝ Բուրաստան համայնքի տարածքում կառուցվող նոր վերգետնյա ուղեանցերի կառուցման աշխատանքներին: Նախարարն այնուհետև այցելեց Մասիս քաղաքի, Այնթապ, Դիմիտրով, Ազատավան, Մասիս գյուղական համայնքների մոտ ընթացող շինաշխատանքների տեղամասեր, որտեղ վերականգնվում են վերգետնյա ուղեանցերը: Տեղում ծանոթանալով կատարվող շինարարական աշխատանքներին` նախարարը դիտողություններ արեց առկա թերությունների վերաբերյալ և կոնկրետ հանձնարարականներ տվեց: Մասնավորապես, նա անդրադարձավ աշխատանքների որակին՝ հորդորելով, որպեսզի դրանք իրականացվեն առավելագույն բարձր որակով և ավարտվեն նախատեսված ժամկետներում: «Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը նախարարին վստահեցրեց, որ ուշացումներ, առավել ևս որակի հետ կապված խնդիրներ չեն լինի։ Այցի ընթացքում նախարարն անդրադարձավ նաև շինարարական աշխատանքների անվտանգությունը պահպանելու նպատակով շինարարական տեղամասերի հատվածներում ժամանակավոր երթևեկություն կազմակերպելուն՝ նկատելով, որ ճանապարհի որոշ հատվածներում երթևեկությունը կարգավորող նշանները քիչ են, ուստի անհրաժեշտ է դրանք լրացնել. «Անկախ տարվող աշխատանքներից՝ առաջնայինը մարդկանց անվտանգության խնդիրն է, ճանապարհի երթևեկելի հատվածները, որտեղ աշխատանքներ են ընթանում, պետք է հնարավորին անվտանգ ու հարմարավետ լինեն»,-նշեց նախարարը: Շինարարության պատասխանատուները նախարարին հավաստիացրին, որ մոտ օրերս, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, այդ խնդիրը կլուծվի։ Վահան Մարտիրոսյանը նաև հանձնարարեց, որպեսզի շինարարական աշխատանքների տեղամասերը գիշերային ժամերին լիարժեք լուսավորված լինեն: Նշենք, որ ուղեանցի վերականգնման աշխատանքներ են կատարվում նաև «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն