Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊԼՀ շրջանավարտների 63 %-ը աշխատանք է գտնում իր մասնագիտությամբ (տեսանյութ)

Հասարակություն
buh

Բուհ-գործատու համագործակցության շրջանակներում այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության կառավարման ծրագրերի վերջնարդյունքների համաձայնեցումը գործատուների ակնկալիքների հետ» թեմայով: «Ա1+»-ի հետ զրույցում ԵՊԼՀ Կրթության կառավարման եւ պլանավորման ամբիոնի վարիչ, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ նման հանդիպումներն իրենց բուհում անցկացվում են 2008 թվականից սկսած, սակայն սա այս թեմայով առաջին մեծածավալ քննարկումն է. «Քննարկումը միտված է գործատուների պահանջների բացահայտմանը, թե ինչ են նրանք ակնկալում  շրջանավարտներից»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկմանը հրավիրված են եւ գործատուներ, եւ ուսանողներ, եւ կրթական ու աշխատանքային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Մեր հարցին, թե նման հանդիպումներն ի՞նչ կերպ են անդրադառնում գործատու-շրջանավարտ համագործակցության վրա, Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր տարի մեր բուհի կարիերայի եւ որակի ապահովման կենտրոնները հարցումներ են իրականացնում շրջանավարտների շրջանում, եւ դրանց համաձայն՝ ավարտելուց հետո 1 տարվա ընթացքում շրջանավարտների 63 տոկոսն իր մասնագիտությամբ աշխատանք է ունենում: Կարծում եմ՝ դա շատ լուրջ ցուցանիշ է»: ԱԺ պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը նույնպես հրավիրված էր քննարկմանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նման հանդիպում-քննարկումները կարող են լուծել կրթական համակարգի եւ աշխատաշուկայի խնդիրները: «Շատ կարևոր է, որ մասնագիտական կրթության ընթացքում պրակտիկ կապ լինի գործատուի եւ ուսանողի հետ, որպեսզի ապագա մասնագետն իր պրակտիկան անցնի գործատուների մոտ: Դա փոխադարձ ճանաչողության հիմք կստեղծի,  նաեւ կամավորական աշխատանքի հմտություններ կզարգացնի երիտասարդների մոտ, ինչը կարևոր արժեքային մոտեցում է, երբ կամավորությունը դառնում է  աշխատանքային գործունեության մաս: Դրա հիմքը պետք է դրվի հենց ուսանող տարիներից»: