Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինչեւ 2017թ. հունվարի 1-ը գազի սակագինը շոշափելի կնվազի 

Քաղաքականություն
gaz

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2017թ. գործունեության ծրագիրը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ նախաձեռնելու են իրենց ոլորտը կարգավորող օրենքի լրամշակում: Նա նաեւ նշեց, որ մեծածավալ աշխատանքներ են տանելու ԵՏՄ եւ ԵՄ հետ՝ հանրային ծառայությունների ոլորտում իրավական ակտերը համապատասխանեցնելու համար: Դահլիճում գտնվող սակավաթիվ պատգամավորներից ՀՀԿ անդամ Վահրամ Մկրտչյանը նրանից հետաքրքրվեց ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգից: Ռոբերտ Նազարյանը նշեց, որ մրցույթում հաղթել է ֆրանսիական «Վիոլա» ընկերությունը, որը կլինի մեկ միասնական օպերատոր ու ամբողջ հանրապետության տարածքում կգործի մեկ միասնական սակագին: Ինչ վերաբերում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներին, ապա պարոն Նազարյանը չբացառեց, որ մինչեւ 2017թ. հունվարի մեկը վերանայեն գազի, իսկ մինչեւ փետրվարի մեկը՝ էլեկտրաէներգիայի սակագները. «Եթե վարչապետի հայտարարությունը ձեզ հայտնի է, այնտեղ հստակ կա հանձնարարական մեզ ուղղված՝ սակագների իջեցում, շոշափելի իջեցում սոցիալապես անապահով խավերին, գյուղատնտեսության ոլորտի՝ վերամշակողների, ջերմոցային տնտեսության համար, սակայն դա ոչ ի հաշիվ մեր մյուս սպառողների, դրա համար անհրաժեշտ է մեզ նոր ֆինանսավորման աղբյուր: Այդ աղբյուրը գտնելուց հետո այդ գործընթացը կսկսենք, սահմանված ժամկետներից ավելի արագացված կանենք, որպեսզի նվազագույն ժամկետում տեղավորվելով գնանք առաջ»: