Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ Հոկտեմբերի 27-ը դադարեց լինել իշխանության մեջ գզվռտոցների թեմա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oWkrHIE59u4

Պատմական կադրեր՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո նույն օրվա երեկոյան Ազգային Ժողովի նախագահի աշխատասենյակում արված նկարահանումից: Սպանդից որոշ ժամանակ հետո Նաիրի Հունանյանն արդեն խոսում էր Ազգային համաձայնության կառավարություն կազմելու մասին: Սպանվածներով լի դահլիճ հրավիրված լրագրող Ռուզան Խաչատրյանին նա զենքը ձեռքին ասում է՝ թող նախագահը գա, որոշենք էս ժողովրդի ճակատագիրը։ Նախագահը գալիս է: Հենց նրա հետ տեղի ունեցած բանակցություններից հետո է Նաիրի Հունանյանը որոշում հանձնվել: Երաշխիքն այն է, որ խմբի անդամներից ոչ մեկը մահապատժի չի ենթարկվի: Այս դեպքերի իրիկվանից նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար սկսվում են դժվար օրեր: Նույն օրը զինվորականները Քոչարյանից պահանջում են Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանի հրաժարականները։ Հրաժարական պահանջողները սակայն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, արդեն ունեին ցուցակ, որտեղ արդեն նշված է, թե զինվորականներից որ մեկն ինչ պաշտոն պետք է զբաղեցնի։ 27-ի դեպքերից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնում էր նշանակել սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին: Սակայն դա կրքերը չէր հանգստացրել բանակում եւ իշխող Հանրապետականի ներսում նախագահի աշխատակազմի ղեկավար դարձած Սերժ Սարգսյանի շուրջ։ 2000 թվականի մայիսի 12-ին Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ է անում վարչապետ Արամ Սարգսյանին: Այդ օրից Հոկտեմբերի 27-ը դադարում է լինել իշխանության մեջ գզվռտոցների թեմա: