Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքը աշակերտը կկիրառի գործնականում

Հասարակություն
gini1

Դպրոցահասակ երեխաները այսուհետեւ հեռահար կրթության միջոցով խաղողի մշակման եւ ընդհանուր գյուղատնտեսության ոլորտի վերավերյալ խորացված գիտելիքներ, դրանք գործնականում կիրառելու հնարավորություն կստանան: Աշակերտների իրազեկվածությանը, մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, ինչպես նաեւ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնության հեղինակը «Դասարան» կրթական ծրագիրն է, որն այն իրականացնում է «ԱրմԱս» գինեգործական ընկերության եւ «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ: «Հաշվի առնելով, որ գյուղատնտեսությունը համարվում է տնտեսության զարգացման կարեւորագույն օղակներից մեկը, այս նախաձեռնությունը կաջակցի, որ երեխաները ստանան որակյալ կրթություն, տեղեկանան գյուղատնտեսության, դրա առավելությունների մասին: Ուզում ենք, որ դպրոցական հասակից երեխաները տեղեկացված լինեն, թե որտեղ կարող են հետագայում շարունակել իրենց կրթությունը, ստանալ լավ մասնագիտություն»,- երեք կողմերի միջեւ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունից հետո ասաց «Դասարան» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը: gini Նախաձեռնության շնորհիվ Հայաստանի յուրաքանչյուր աշակերտ՝ անկախ բնակության վայրից եւ սոցիալական կարգավիճակից dasaran.am-ի միջոցով առցանց գիտելիքներ կստանա գյուղատնտեսության վերաբերյալ: Դրանք «Արմաս» ընկերության աջակցությամբ աշակերտները կկարողանան նաեւ կիրառել գործնականում, կծանոթանան գինու պատրաստման ընթացքին՝ խաղողի վազերի մշակումից մինչեւ շշալցում: «Երեխաները այգիներում կտեսնեն՝ ինչից ինչ է ստեղծվել:  Անհրաժեշտ է նրանց ոգեւորել, տեսնեն, որ կրթությունը փոխանցվում է արտադրության, արտադրությունը՝ արտահանման, դա էլ խթանում է գյուղատնտեսության, երկրի տնտեսության զարգացմանը: Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է սկսել հիմքից եւ հումքից, եւ կարծում ենք՝ լավագույն տարբերակն այն է, որ մեր երիտասարդները գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ գիտելիքներ ստանան»,- ասաց «Արմաս» ընկերության գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը: Աշակերտներին տրամադրվող տեղեկատվությունը կապահովի «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամը՝ հիմնվելով նաեւ միջազգային փորձի վրա եւ փորձելով բարձրացնել գյուղատնտեսական մասնագիտությունների հեղինակությունը երիտասարդության շրջանում: