Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահագն Խաչատրյան. «Հայաստանն անվճարունակության շեմին է»

Քաղաքականություն
xachatryan

Հայաստանը կանգնած է անվճարունակության շեմին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա՝ տնտեսությունը գահավիժում է, եւ որեւէ աճ չկա: «Ռեսուրսները կամ վերջացել են, կամ սահմանափակ են: Իշխանությունը պետք է նոր մոտեցումներով փորձի վիճակը շտկել»,-ասաց Վ. Խաչատրյանը։ «Մենք ունենք արդեն մոտ 6 մլրդ դոլարին համարժեք պետական պարտք, այդ պարտքի սպասարկումը 2007 թ-ին պետական բյուջեի վրա 2 տոկոս էր նստում, հիմա դառնում է 7-8 տոկոս, իսկ 2020 թ-ից այդ ցուցանիշը կհասնի 30 տոկոսի: Այսինքն, մենք պետական պարտք վերցնելու այլեւս հնարավորություն չունենք: Ինչի՞ հաշվին պետք է կարողանանք այդ պարտքը սպասարկել: Ավելին, եթե 2015 թ-ին ունեինք 243 մլրդ դրամի դեֆիցիտ, այս տարի ունենում ենք 190 մլրդ դրամի դեֆիցիտ, հաջորդ տարվա համար նախատեսում ենք 150 մլրդ: Դրան էլ ավելացնում ենք բյուջետային մուտքերի վիճակը՝ մինչեւ տարեվերջ 90 մլրդ դրամ չի հավաքվի: Այսինքն՝ գումարները գտնելու խնդիր է լինելու որտեղի՞ց ենք գտնելու»,-հարցնում է տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանի խնդիրների լուծման բանալին գտնվում է կոռուպցիայի մեջ: Ըստ նրա ՝ եթե կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն ունենանք, ապա իր թվարկած խնդիրների լուծման գործում եւս կարող ենք հաջողություն գրանցել: Նրա կարծիքով,  այս համատեքստում վտանգն այն է, որ երբ իշխանությունները խոսում են մենաշնորհների մասին՝ իրենց թույլ են տալիս ասելու, որ մեր նման փոքր երկրներում մենաշնորհներն անխուսափելի են: «Դա նշանակում է, որ իշխանությունը չի փորձելու Հայաստանում մրցակցային իրավիճակ ստեղծել: Մինչդեռ, տնտեսագիտության մեջ չկա փոքր կամ մեծ տնտեսություն կա կառավարման մոդել»,-ասաց նա:  Նա հրապարակեց նաեւ  իր ունեցած տեղեկատվությունն, ըստ որի՝ վերջին մեկ շաբաթում մարդիկ փորձել են բանան ներկրել Հայաստան, սակայն բանան ներկրելու մենաշնորհ ունեցողները ինչ- որ ձեւերով թույլ չեն տվել։ «Այս առումով վարչապետի հայտարարությունը, թե կարող են զանգահարել իրեն, եթե ներմուծման սահմանափակումներ լինեն՝ անհասկանալի են»,-ասաց Վ. Խաչատրյանը: Տնտեսագետը փոփոխություն չի ակնկալում նոր կառավարությունից։ Ինչ վերաբերում է ծրագրին, ապա առհասարակ այս կառավարության ծրագրի ներկայացումը նրա համար անհասկանալի է: «Ծրագրի կարիքը չկար, պետք է դրա փոխարեն  առավելագույնը 5 խնդիր դրվեր կառավարության առջեւ, որոնցից կարող էին լինել կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, պիտի բարձրացվեին «Նաիրիտի» վերագործարկման, «Գազպրոմին» պարտքի վճարման հարցերը, Հյուսիս –Հարավի գումարների ծախսման արդյունավետության եւ «Երեւան ՋԷԿ»-ի պարտքի հացերը: Այսինքն՝ կոնկրետ քայլերով կարելի էր ավելի մեծ արդյունք ակնկալել, քան 30 էջանոց ծրագիր ներկայացնելով»,-ընդգծեց տնտեսագետը: