Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղջիկներն այս խանութ չեն մտնում. «Բանտային արվեստ» (տեսանյութ)

Հասարակություն
bant-nkar

Ոչ սովորական անունով այս խանութը գտնվում է Երևանի Խանջյան փողոցում. «Բանտային արվեստ»-ից կարելի է ձեռք բերել հայաստանյան կալանավորների ձեռքի աշխատանքները։ «Թզբեխներ ունենք, փայտի աշխատանքներ ունենք, ունենք նկարներ սրբապատկերներով, գիպսերից նկարներ գորգեր, որը գործում են Աբովյանի գաղութի կանայք»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է խանութի աշխատակից Աննա Հարությունյան։ Խանութը գործում է արդեն 10 տարի, ստեղծել է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը։ Գործերը պատրաստվում են Կողբի, Արթիկի, Սևանի, Վանաձորի և Գորիսի քրեակատարողական հիմնարկների կալանավորները՝ արտադրամասերում։ Տիկին Աննան անկեղծանում է։ «Եվ որակով ապրանքներ ունենք, և անորակ։ Մարդիկ կան, որ նոր են սովորում պատրաստել, մի քիչ որակը լավ չի լինի։ Կան այնտեղ վարպետներ, մասնագետներ, որ տարիներով զբաղվում են այս աշխատանքով և լավ որակով ապրանքներ են տալիս մեզ»։ Հացի խմորից պատրաստված որևէ առարկա այստեղ չես գտնի։ Աննա Հարությունյանը նշում է. «Էն ժամանակ մատերիալ չկար, հումք չկար, հացից էին պատրաստում,իսկ հիմա արդեն իրենց մատերիալ տրամադրում է հիմնադրամը։ Էս կարմիրները կարմիր շառ են , սևերը էբոնիտ են, սպիտակները կվարց են, սրանք ոսկոր են, էս բոլորը փայտեր են»։ Ապրանքների գները որոշում են դատապարտյալները, նույն ապրանքը մեկ օր էժան է, մյուս օրը՝ թանկ։ Վաճառքից գոյացած գումարները հենց կալանավորներին էլ հասնում են։ «Փոխանցվում է պատրաստողի հաշվեհամարին։ Այս գումարի չափով իրենց կտրոն են տալիս, իրենք այդ կտրոնով կարող են օգտվել բուֆետից՝ սնունդ առնել կամ էլ՝ հաշվեհամար է բացվում, վերջում ազատվելիս գումարն ստանում են, գնում տուն»,- ասում է տիկին Աննան։ Հաճախորդները հիմնականում երիտասարդ տղաներն են։ «Բանտային արվեստ» անունը վատ է անդրադառնում խանութի առևտրի ծավալների վրա։ «Մարդիկ գալիս են, ուզում են անպայման գաղութի թզբեխներ գնել։ Կան ջահել աղջիկներ, որ խուսափում են խանութի անունից։ Տեսնում են բանտային արվեստ՝ հետ են գնում, ներս չեն մտնում։ Գիտեն իրենց այստեղ բռնելու են, ինչ են անելու»։ Ուշագրավ մի հանգամանք. խանութը գործում է՝ չնայած որ ամսական առևտրից ստացված եկամուտ քիչ է վաճառողուհու աշխատավարձից։