Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին. «Մտածեցինք՝ ինչ-որ հումոր են անում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hoktem-27

Հոկտեմբերի 27-ի նախաքննական խմբի նախկին ղեկավար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն այս օրը երբեք չի խոսի այդ գործի մասին։ Իսկ ահա հոկտեմբերի 27-ի զոհ Կարեն Դեմիրճյանի որդին պատրաստ է խոսել այս սգի օրը՝ եթե 27-ը չլիներ, մենք բոլորովին ուրիշ երկրում կապրեինք. «Ամեն ինչ արվեց ոճրագործությունը կոծկելու համար»: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասում է, որ եթե այսօրվա իշխանությունները որեւէ ջանք գործադրած լինեին այս ողբերգությունը բացահայտելու համար, մենք կիմանայինք. «Բայց դա չարվեց ոչ երկրորդ նախագահի օրոք, ոչ էլ երրորդ: Սա արդեն ինքնին ցույց է տալիս, որ եթե չեն ուզում բացահայտել, ուրեմն ինչ-որ ձեւերով կապված են»: Անդրադառնալով 27-ի կազմակերպման գործում դրսի ուժերի դերակատարությանը, Լեւոն Զուրաբյանը ոչինչ չի բացառում, բայց փաստն այն է, որ դա արվել է հայերի ձեռքով. «Եվ ուրեմն նախ եւ առաջ պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր լինելով Հայաստանից, լինելով Հայաստանի իշխանությունից միգուցե այդ գործում, այդ հանցագործության մեջ ունեն իրենց մեղսակցությունը»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արտաքին ուժերի մասնակցության հարցում կասկածներ անգամ չունի. «Ես չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր է անել»: Այդ օրը Գալուստ Սահակյանը եղել է Ազգային Ժողովի դահլիճում, նա այսօրվա պես հիշում  է իր եւ դահլիճի առաջին զգացողությունը, երբ դահլիճ ներխուժեցին ավտոմատավոր երիտասարդներ. «Ամբողջ դահլիճը առաջին մոմենտին մտածեց, որ ինչ-որ հումոր են անում»: Գալուստ Սահակյանի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նմանեցնում է հոկտեմբերի 27-ն ու ՊՊԾ գնդի գրավումը՝ հայերը կրկին սպանեցին հայերին. «Կարեն Սերոբիչի վերջին խոսքերն էր, որ ասել էր՝ էս ձեւով հարցեր չեն լուծում»: Պարոն Շարմազանովն դրսի հետքի մասին ոչինչ չի կարող ասել, ակնարկում է, որ եթե այդ օրը Գալուստ Սահակյանը ներսում է եղել, ուրեմն դրսի հետքի մասին մի բան կիմանա. «Ես այն ժամանակ քաղաքականության մեջ չեմ եղել»: Փաստն այն է, որ հոկտեմբերի 27-ին, ըստ խորհրդարանի փոխնախագահի, գլխատվեց հայոց պետականությունը: