Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիտակում տուրիզմի զարգացման մասին մոռացել են (տեսանյութ)

Տնտեսություն
tourist

Աշխարհի ամենաերկար՝ «Տաթևեր» ճոպանուղին փոխել է Տաթև գյուղի բնակիչների կյանքը։ Համայնքապետ Մուրադ Սիմոնյանը նշում է. «Տաթևում շուրջ 15 ընտանիքներ ռեալ ձևով ընդունում են տուրիստների։ 15 ընտանիք զբաղվում են իրենց սեփական արտադրանքը վաճառելու համար, մի 10 ընտանիքից աշխատող կա ճոպանուղում, կան նաև սեփական մեքենաներով տեղափոխում են տուրիստներին»։ Տաթև գյուղն ունի 980 բնակիչ։ Համայնքապետի խոսքով՝ դրամական ակտիվ շարժը թույլ է տալիս լուծել սոցիալ-տնտեսական հարցերը։ «Խմելու ջրագծի արտաքին և ներքին ցանցի վերանորոգում է հիմնովին կատարվում։ Շուկայում փաթեթավորման կետ է կառուցվել, որը շատ կօգնի տուրիստին ներգրավելու համար»,- ասում է պարոն Սիմոնյանը։ Չնայած զբոսաշրջային կարևոր հանգրվան լինելու հանգամանքին, ճանապարհների խնդիրը այստեղ էլ արդիական է։ «Պետք է ասել, որ 7 կիլոմետր հատվածը շատ անմխիթար վիճակում է՝ Սատանայի կամուրջից մինչև Տաթև։ Դա բոլորիս շատ- շատ հուզում է։ Դիմել ենք, ասում են կլինի, կլինի, բայց չեմ կարող ասել՝ դա երբ կյանքի կկոչվի»,- ասում է Տաթև համայնքի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը։ Գրեթե հակառակ պատկերն է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Զբոսաշրջության զարգացման մասին այստեղ չեն մտածում։ Քաղաքապետ Գագիկ Սահակյանը քաղաքի տուրիստական հնարավորության մասին ասում է. «Զբոսաշրջային առումով Սպիտակը այնքան էլ գրավիչ չէ, եթե հաշվի չառնենք երկրաշարժի հանգամանքը։ Ընդհանրապես՝ լինում են զբոսաշրջիկներ, բայց մեր զարգացումն այդ ուղղությամբ չենք տանում»։ Քաղաքապետի խոսքով՝ սա չի հիասթափեցնում իրեն։ Բացը փորձում է լրացնել ներդրումներ անել ցանկացողների համար գրավիչ պայմաններ ստեղծելով։ «Եթե սահմանված է նվազագույն չափի որոշակի հարկատեսակների, մեզ մոտ անպայման նվազագույնով է պահվում։  Դա, կարծում եմ, ներդրողին որոշ չափով պետք է հրապուրի։ Մնացած առումներով՝ հողը չենք կարող նվիրատվությամբ տալ, պետք է պարտադիր վաճառենք»,- նշում է Սպիտակի քաղաքապետը։ Առաջիկա 5 տարիներին զբոսաշրջության աննախադեպ զարգացում է կանխատեսում Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը։ Ճանապարհաշինական, ենթակառուցվածքների վերականգնմանն օգնում են Համաշխարհային բանկն ու Եվրամիությունը։ «Գորիսը ունի և պատմական հետաքրքիր միջավայր, Գորիսը Հանրապետության լավագույն պահպանված քաղաքներից է 150 տարվա ընթացքում, և Գորիսը որպես բնակավայր 1000-ամյակների պատմություն ունի և ունի նաև ցուցադրելու բան»,- ասում է Գորիսի համայնքապետ Վաչագան Ադունցը։ Քաղաքապետերը ոլորտի զարգացման համար կարևորում  են որոշակի արտոնությունների տրամադրումը պոտենցիալ ներդրողներին։