Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի չէ, թե «Սասնա ծռեր»-ից ով է 44 օր գտնվել հացադուլի մեջ. նրա քաշը հասել է 30 կգ (տեսանյութ)

Քաղաքականություն
exishe

«Սասնա ծռեր» հիմնադրամը հոկտեմբերի 29-ին Խուլ ու համրերի միավորման մշակույթի տանը կկազմակերպի համերգ, որից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «Սասնա ծռեր» խմբի  բանտարկված անդամների անապահով ընտանիքներին: Համերգի ընթացքում առաջին անգամ կհնչի նաեւ Եղիշե Պետրոսյանի հեղինակած երգը՝ նվիրված ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերին հաց բերող Արթուր Սարգսյանին: Համերգին կմասնակցեն նաեւ Ռուբեն Հախվերդյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, «Խազեր» անսամբլը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանի խոսքերով, ներկայումս հիմնադրամի հաշվին այնքան գումար է, որ կբավականացնի միայն հարկային պարտավորությունների կատարմանը, մինչդեռ հիմնադրամը սկսել է նաեւ աջակցել խմբի այն անդամներին, որոնց դատարանը գրավի դիմաց որոշում  է կայացրել ազատ արձակել. ընտանիքները նշանակված 1 մլն դրամ գրավը ի վիճակի չեն վճարել: Մինչ օրս հիմնադրամի միջոցով բաց է թողնվել խմբի անդամներից Մարտին Վարդանյանը: Դատարանը որոշում է կայացրել նաեւ գրավի դիմաց ազատ արձակել Սարո Այվազյանին, որը «Սասնա ծռերին» կատարած մեկ հեռախոսազանգի համար մեղադրվում էր խմբին աջակցելու մեջ: «Պետության նշանակած գրավի չափն այնքան է, որ մեր մի քանի ամսվա հավաքածը միանգամից ի չիք են դարձնում»,- ասաց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը:  Նա տեղեկացրեց, որ Սասնա ծռեր հիմնադրամի պաշտոնական էջում կարելի է գտնել «Ամերիաբանկում» բացված հաշվեհամարը, որին կարելի է փոխանցել գումար:  «Ինչու չանենք մի փոքրիկ ակցիա: Եթե ամեն մեկս 1000 դրամ մեր կողմից նվիրաբերի հիմնադրամին, ինձ թվում է ոչ մեկիս տնտեսությունը դրանից քարուքանդ չի լինի, բայց մենք բավական լուրջ օգնություն ցուցաբերած կլինենք: Առհասարակ, շատ ամոթ է, որ մենք այդ մարդկանց անուշադրության մատնենք: Եթե այսօր մենք անուշադիր ենք որեւէ անմեղ մարդու նկատմամբ, վաղը մեզ հետ ինչ ասես կարող է պատահել եւ նույնը կլինի մեր նկատմամբ: Ես կոչ եմ անում ազգովի ուշադիր լինենք եւ ամեն մի անարդարությանը արձագանքենք»,- ասաց Ե. Պետրոսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից 66-ը դեռ գտնվում են անազատության մեջ: «Նրանցից մեկը, դեռ փորձում ենք ճշտել՝ թե ով, 44 օր գտնվել է հացադուլի մեջ: Նրան ոչ մի իրավաբանական օժանդակություն չի ցուցաբերվել: Ասում են՝ նրա քաշը հասել է 30 կգ-ի: Հիմա փորձում ենք ճշտել, թե ով է նա:  Դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ ընտանիքի անդամներին չեն թույլ տալիս նրանց տեսակցել»,-ասաց Եղիշե Պետրոսյանը:   «Ամերիաբանկում» բացված հաշվեհամարը՝ AMD 15700 24450290100 USD 15700 24450290101 EUR 15700 24450290146 RUB 15700 24450290158