Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատապարտյալները խնդրում են Skype տեղադրել ՔԿՀ-ում»

Քաղաքականություն
614884e63f58a68dc177f0466e0dae8f

ԱԺ-ում այսօր «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների քննարկմանը Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին հարց ուղղելով՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Բնականաբար, քվեարկելու ենք կողմ, սակայն հետո նման լավ նախագծերը դնելու եք դարակներում: Ուտոպիստական նախագծեր մի բերեք ԱԺ, անիմաստ է»: Նա նաեւ նշեց, որ նույն ՔԿՀ-երում արտագաղթի պատճառով կան շատ կալանավորներ, որոնք այլեւս որեւէ հարազատ չունեն երկրում. «Սակայն մարդիկ ունեն տեսակցության իրավունք. նրանք խնդրում են՝ մի սքայփ (Skype) տեղադրել ՔԿՀ մի սենյակում, որ կարողանան մի կես ժամ շփվել ՌԴ-ում գտնվող իրենց հարազատների հետ: Այդ հարցը երեք տարի է՝ չկարողացաք լուծել, ու հիմա էլ այս բարի ցանկությունների հռչակագիրն եք դնելու դարակում: Հիմա դատապարտյալներն օրենքով իրենց վերապահված այդ իրավունքը ինչպե՞ս իրացնեն»: Սուրեն Քրմոյանը նշեց, որ խորքային խնդիրներ ունեն հիմա երկարատեւ տեսակցության հետ կապված. «Հիմա Կարմիր խաչի հետ համագործակցում ենք, որ գոնե  մեկ-երկու տեղում այդ համակարգիչները տեղադրենք: Հույս ունեմ՝ հաջորդ քննարկմանը գոնե մեկ-երկու պիլոտային ծրագիր կներկայացնենք: Ինչ վերաբերում է բուն նախագծին, ապա դատապարտյալների կողմից մեծ ցանկություն կա՝ ներգրավվելու համար այդ ծրագրերում, այլապես կրկնահանցագործության ռիսկը մի քանի անգամ կմեծանա, քանի որ դատապարտյալների մեծ մասը նաեւ սոցիալական խնդիրներ ունեցողներ են»: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մոտ երեք հարյուր դատապարտյալի հասցե կարող է տալ փոխնախարարին, որոնք աշխատանք չունեն. «Եկեք իրենց տեղավորենք աշխատանքի հետո՝ մյուսներին: Ես կարող եմ էլեկտրոնային մեյլով ձեզ ուղարել նրանց հասցեները: ԲՀԿ-ն, ցավոք, չի կարող դա անել, սակայն չեմ կարծում, որ հարցն այդպես բարդացնելու կարիք կա, որ դիմում եք ՄԱԿ. կարող ենք ԱԺ հանգանակություն անել ու տեղադրել սքայփ: Հասկանում եմ, որ անվտանգության խնդիր կա, ռիսկերից ապահովագրելու խնդիր կա, սակայն կարող ենք տարբերակները քննարկել»: Սուրեն Քրմոյանը վստահեցրեց՝ եթե տեխնիկական խնդիրը չլուծվի, կդիմեն ԱԺ. «Այժմ Պրոբացիայի ծառայությունը ազատության մեջ գտնվողների հետ աշխատում է»: Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց՝ եթե ԲՀԿ խմբակցությունն իսկապես ընդունել է «Նաիրիտ»-ի վերաբերյալ Կառավարության առաջարկները, ապա ինքը պատրաստ է իր աշխատասենյակում ԲՀԿ-ի հետ հանդիպել ու հավելյալ քննարկում անցկացնել: