Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ Ն. Կարմիրաղբյուր համայնքը ապահովվել է պտղատու ծառերի ցրտադիմացկուն սորտերով

Հասարակություն
unnamed-26

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի զոհված ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների և ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց ընտանիքների այգիներում` ցրտահարության արդյունքում Արևելյան խուրմայի (կորոլյոկի) վնասված պտղատու ծառերը փոխարինվել են նոր տնկիներով։ Այս ընտանիքների այգիները նաև համալրվել են ընկուզենու գաճաճ, ցրտադիմացկուն սորտով:  Ծրագիրն իրականացվել է «Դեմետրա-էկո» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության կողմից՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ»՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում:  Ինչպես նշում է «Դեմետրա-էկո» հկ նախագահ Աննա Եղիազարյանը, ծրագրի բուն նպատակը ոչ թե մեկանգամյա օգնություն տրամադրելն է, այլ հեռանկարային աջակցությունը. «Նման ներդրումը մի քանի տարի անց բնակչին թույլ կտա ստացված բերքով ոչ միայն սեփական կարիքները բավարարել, այլև վաճառել այն։ Արևելյան խուրմայի հասուն ծառը` ունենալով 3-7 մետր բարձրություն, մինչև 200-250 կգ բերքատվություն է ապահովում։ Սկսած 4 տարեկան հասակից տնկիներն արդեն բերք են տալիս։ Իսկ Գաճաճ ընկուզենու հասուն ծառը` ունենալով առավելագույնը 5-7 մետր բարձրություն, մինչև 80 կգ բերքատվություն է ապահովում: Սկսած 2 տարեկան հասակից տնկիներն արդեն բերք են տալիս»: Ներքին Կարմիրաղբյուրում վաղուց են զբաղվում Արևելյան խուրմայի մշակությամբ, սակայն ցրտահարության արդյունքում վերջերս պտղատու ծառերի զգալի մասը վնասվել էին: «Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր կողմից ընտրված տնկիները բավական ցրտադիմացկուն տեսակներ են: Այս տեսակետից նոր ցրտահարության ռիսկայնությունը բավական ցածր է: Բացի դա, ծառատեսակները ստացող ընտանիքներին մենք գրավոր և բանավոր կերպով իրազեկել ենք ցրտահարության դեմ պայքարի ժամանակակից մեթոդների մասին, ինչպես նաև տրված ծառատեսակների մշակության նրբություններն ենք պարզաբանել»,-ասում է Աննա Եղիազարյանը՝ հույս հայտնելով, որ այդ ընտանիքները կհետևեն իրենց ցուցումներին և մի քանի տարի անց կտեսնեն ռեալ արդյունքները, երբ տնկիները հասուն ծառեր դառնան: Նշենք, որ թիրախ ընտանիքները 30-ն են, որոնց տրամադրվել է 10-ական ծառ: Տնկիների ընդհանուր քանակը եղել է 300 հատ, որից 200-ը եղել է Գաճաճ ընկուզենի, իսկ Արևելյան խուրման՝ 100: «Դեմետրա-էկո» հասարակական կազմակերպություն