Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ գիտնականների  ստեղծած տեխնոլոգիան կարդիականացնի սահմանների պաշտպանությունը (տեսանյութ)

Բարձր տեխ. Հասարակություն
sensor

Հայ գիտնականների կողմից մշակված եւ ստեղծված սենսորային տեխնոլոգիան թույլ կտա էապես արդիականացնել սահմանների պաշտպանությունը՝ ստեղծելով տարածքների հսկողության գերզգայուն համակարգեր: «Դա նույնիսկ կարելի էր անել մի քանի տարի առաջ, բայց ես չէի ուզենա հիմա քննարկել, թե ինչ պատճառներով Հայաստանում այս տեխնոլոգիան  հետաքրքրություն չի առաջացրել, կամ եթե առաջացրել է, ապա փող չկա սկզբունքով՝ «մի կերպ մի բան կանենք», բայց տեխնոլոգիան չի կարելի «մի կերպ մի բան կանենք սկզբունքով», հենդ մեյդ տարբերակով սարքել եւ տեղադրել սահմանի վրա», -ասում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, PSI ընկերության գլխավոր տեխնոլոգ Սամվել Գևորգյանը: Սենսորային տեխնոլոգիան ի սկզբանե մշակվել է գիտության բնագավառում կիրառելու համար, սակայն գերհաղորդականության երևույթն ուսումնասիրելիս  ձեռք բերված եզակի արդյունքները ցույց են տվել, որ դա կարելի է կիրառել տարբեր ոլորտներում՝ ստեղծելով գերշահութաբեր արտադրություն. «Եթե մենք հասնենք այն մակարդակին, որ մեր երկրի ներսում ինքնարժեքով կամ  նույնիսկ անվճար մեր երկրին տանք այդ սահմանների համակարգերը, որոնք 142 կմ հսկողություն են ապահովում, մենք դա կանենք, բայց  հիմա ամենակարևորը գումար գտնելու հարցն է»,-մեզ հետ զրույցում նշեց պրոֆեսորը: Սամվել Գևորգյանը  հաշվարկել է՝  սահմանափակ քանակությամբ արտադրական ինֆրաստրուկտուրա ստեղծելու եւ  պատրաստի արտադրանքով միջազգային շուկա դուրս գալու համար առնվազն 10 միլիոն դոլարի ներդրում է անհրաժեշտ: Նա գիտության պետական կոմիտեի միջոցով ժամանակին դիմել է նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին, ու այդպես էլ պատասխան չի ստացել: Փոխարենն այս տեխնոլոգիայով հետաքրքրված են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սինգապուրը, Դոմինիկյան Հանրապետությունը, Իտալիան, Հնդկաստանն  ու մի շարք այլ երկրներ: Կա՞ վտանգ, որ Հայաստանը սենսորային տեխնոլոգիայի հիման վրա շահութաբեր արտադրության հնարավորությունը բաց կթողնի: «Եթե մենք թույլ տայինք այդ վտանգը, արդեն հինգ տարի առաջ այստեղ չէինք լինի, տեխնոլոգիան էլ դրսում կլիներ:  Ձգձգելու նպատակը նա է, որ մենք քայլ առ քայլ, լրացուցիչ համոզելով, լրացուցիչ արդյունքներով բերում ենք նրան, որ արտասահմանյան երկրներում այլ ելք չկա, քան մեր տեխնոլոգիայից օգտվելը եւ այլ ելք չկա, քան  փոխշահավետ համագործակցությունը»,-նշեց պարոն Գևորգյանը: Ի դեպ, այս տեխնոլոգիայով հայ գիտնականներն արդեն մշակել ու ստեղծել են նաեւ բժշկական ախտորոշիչ սարքեր, որոնք նոյեմբերի սկզբին առաջին անգամ կցուցադրեն Միացյալ նահանգներում: