Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես խնամել բույսերը. քննարկում ԱԺ-ում

Քաղաքականություն
azh

ԱԺ-ն այսօր քննարկում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հեղինակը ՀՀԿ պատգամավոր, մասնագիտությամբ մանկավարժ Ռուզան Մուրադյանն է: Ըստ նրա՝ սա այն հարցն է, որ վերաբերում է մեր անվտանգությանը, բնության մեջ մարդու կոնկրետ ազդեցության վնասակարից օգտակար հատկության անցնելուն. «Ես առաջարկում եմ օրենքի մեջ էկոլոգիական կուլտուրա բառը փոխարինել մշակույթով ու ավելացնել դաստիարակություն բառը: Նախագծի նպատակն է ունենալ էկոլոգիական բավարար գիտակցություն՝ գիտական հենքով հիմանվորված, նորամուծություններով լի: Սա մարդու եւ բնության ներդաշնակության փոխազդեցության փուլ է, որը նպաստելու է առողջ ապրելակերպին, էկոլոգիական անվտանգությանը: Նախագիծը տալիս է էկոլոգիական մշակույթի սահմանում, մինչդեռ նախկինում վերացական սահմանումներ կային: Ի դեպ, բնության մեջ ապրող տարբեր ժողովուրդների էթնո պատկերացումները եւս ազդեցություն ունեն բնության վրա: Մշակույթների ու ավանդույթների վերաձեւում, միասնական էկոլոգիական ու մշակութային փոխհամաձայնեցված կետեր պետք է սահմանենք»: Ըստ նրա՝ կոնցեպտուալ մոտեցում պետք է ապահովել էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանը. «Այն չպետք է դիտարկել առանձին դաս, այլ ընդհանուր ազգաբնակչությանը զինելու փոքր տարիքից: Ինչպես տառերն ու թվերն են սովորում երեխաները, այնպես էլ պետք է սովորեն պահպանել շրջակա միջավայրը: Գիտակցության բարձր մակարդակում պետք է պահպանել այս կարեւորագույն հիմնախնդիրը, որի արդյունքում էկոլոգիան խաթարելու մտայնությունից զերծ կմնա երեխան: Այս առումով կարեւոր ձեռքբերում է Սահմանադրական բարեփոխումների մեջ առկա նորամուծությունը, որ էկոլոգիայի պահպանությունը հստակ ներկայացված է  Սահմանադրության երաշխիքներում: Սրան պետք է ուղղված լինեն բոլոր կառույցների ծրագրերը»: ԱԺ դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորները միաձայն ողջունեցին Ռուզաննա Մուրադյանի նախագիծը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ սա պահանջարկված օրենսդրական նախաձեռնություն է ու համահունչ է ժամանակի պահանջին: «Կարծում եմ, որ երեխաները ոչ միայն պետք է լինեն սպառող, այլեւ պահապան: Երեխան պետք է փոքրուց իմանա՝ ինչպես բույսեր տնկել, քանի որ հետագայում դա կարող է ունենալ գիտական արդյունք. փոքր տարիքից կսովորեն հետազոտություն անել»,- արձագանքեց Ռուզաննա Մուրադյանը: