Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկքաղաքացիները կազատվեն տուգանքից (տեսանյութ)

Քաղաքականություն
passport

ԱԺ-ում այսօր քննարկվեց «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի ներկայացմամբ՝ եթե նախկինում երկքաղաքացի դառնալուց հետո անձը ոստիկանությանը չէր զգուշացնում այդ մասին, տուգանվում էր հիսուն հազար դրամով: Այժմ այդ տուգանքը հանվել է: ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը կոչ արեց այս նախագծի տակ շատ մեծ գաղտնիք ման չգալ. «Ուզենք, թե չուզենք, պետք է վերացնենք այդ արգելքը: Մեր նորանկախ երկրում մենք դեռ լծակներ չունենք, որ հաշվառենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն նաեւ այլ երկրի քաղաքացիություն: Մի քանի հարյուր հազարի է հասնում նրանց թիվը, եթե ոչ ավելի: Այստեղ ազգային անվտանգության խնդիր կա: Կառավարությունը պետք է մտածի այս ուղղությամբ, որ այդ երկքաղաքացիության պահոցը լրացնենք, քանի որ այժմյան թիվը՝ 95 հազարը, շատ փոքր բան է: Պետք է կողմ լինել այս նախագծին. շատը բարդ բան չկա այս նախագծում»: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ ներկայումս դժվար է ասել, թե ինչ լծակներով դա կարելի է անել, բայց կփորձեն: ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը եւս կողմ էր այս նախագծին. «Անշուշտ կողմ ենք քվեարկելու, որպեսզի գործող-չգործող գլխացավանքից ազատվի ՀՀ քաղաքացին: Ուղղակի զարմանալի է՝ 21-րդ դարի տոտալ էլեկտրոնային ժամանակաշրջանում անհարիր է, որ որեւէ վարչարարություն է տեղի ունենում, եւ քաղաքացին ստիպված պետք է տեղյակ պահի այդ մասին մեկ այլ պետական համակարգի: Բյուրոկրատական քաշքշուկներ են դրանք, որոնք, ցավոք, դեռ մեկ բազայում չեն տեղավորվում: Այս խնդրի հետ առնչվել ենք նաեւ սոցիալական քարտերի ժամանակ: Ես հարց չունեմ, այլ ուզում եմ, որ առանձնակի ուշադրություն դարձվի»: