Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հալեպահայի հոգսը Հայաստանից ուղարկված օգնությունը չի թեթևացնում» (տեսանյութ)

Հասարակություն
halepahay

Ժան եւ Գոհար Գալստյանները, որ արդեն 13 օր է՝ Հայաստանում են,  սարսափով են հիշում Հալեպում անցկացրած վերջին տարիները: «Էլեկտրականություն չկար 6 տարի, ժողովուրդը հորեր է փորում, որ ջուր ունենա»,-ասում է հոկտեմբերի 12-ին Հայաստան տեղափոխված  Գոհար Գալստյանը: Լույսի, ջրի, գազի բացակայությունից ավելի սարսափելին սեփական ու նաեւ երեխաների կյանքի համար վախն էր։ Գոհար Գալստյանը հիմա էլ հիշում է՝ կարող էիր փողոց դուրս գալ եւ այլեւս չվերադառնալ։ Այն, ինչ պատահեց սեպտեմբերի 30-ին, ընտանիքի անդամները այլեւս երբեք չեն մոռանա. «Այդ օրը երեխաները դպրոցից տուն վերադարձան, ու մեկ հատ շատ զորավոր հրթիռ մը ընկավ,տունեն ամենը փլատակներ եղան: Իմ ամուսինս, երեխաներս այդ փլատակներու տակն էին»,-պատմում է Գոհար Գալստյանը: Երեխաներին ավերակների տակից կարողացել էին գտնել նրանց լացի ձայները լսելով: Հենց այդ օրն էլ որոշում էին կայացրել գալ Հայաստան: Գոհարն ասում է, այստեղ ամենակարեւորն այն է, որ երեխաներն այլեւս պայթող արկերի ձայնից չեն արթնանում, սակայն  ֆինանսական խնդիրները, ինչպես Հալեպում, այնպես էլ Երեւանում չեն նահանջում։ Հալեպահայ ամուսիններն այսօր աշխատանք են փնտրում.  «Հալեպի հայ պզդիկներն ամեն ինչից զրկված էին, այստեղ գործ կուզենք, որ պզդիկները լավ ապրին եւ մոռանան անցյալը»: Գոհարն ասում է՝ հենց աշխատանքի բացակայությունն է պատճառը , որ Հալեպում շատերը գերադասում են Հայաստան գալու փոխարեն՝ սպասել փաստաթղթային հարցերի լուծմանը, որպեսզի Եվրոպա, Կանադա կամ Ավստրալիա մեկնեն։  Հիմա Հալեպում դեռ 5000 հայ կա։ Նրա խոսքերով, նրանց հոգսերը Հայաստանից ուղարկված օգնությունն ամենեւին չի թեթեւացրել: «Ժողովրդին սիգարեթ դրած են: ժողովուրդը սիգարեթի պետք չունի, ժողովուրդը փողի պետք ունի, ամեն մեկ անհատի փող պետք է  ուղարկվի»: