Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանը մի տեսակ հավատ չէր ներշնչում ազգի մեջ». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovik1

Հանրապետական Համլետ Հարությունյանը լսել է, որ Հայաստանում մենաշնորհ կա. «Եթե մենք օլիգարխիա տերմինն օգտագործում ենք ու ոչ մեկը մեզ դատի չի տալիս, ուրեմն կա, չէ՞ դա: Եվ մենք պայքարում ենք դրա դեմ»: Երկու օր առաջ վարչապետը հայտարարել էր, որ բոլորը կարող են ներմուծել այն, ինչ ուզում են: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում ներմուծողներին անձնական երաշխավոր լինելու վարչապետի հայտարարության մեջ: Ըստ նրա ընդդիմությունն ամբողջ ժամանակ հենց այդ մասին էր խոսում, որ ոչ ոք ոչինչ չի կարողանում ներմուծել. «Չենք բացառում, որ կարող է եղել են նման դեպքեր»: Պարոն Բաղդասարյանի պատկերացմամբ վարչապետը հիմա ասում է, որ եթե խոչընդոտում են ապրանք ներմուծելու մարդու օրինական իրավունքը, կարող են զանգել իրեն: Նույնը հանրապետական խմբակցության ղեկավարն է ասում. «Եթե կան ձեզ խանգարող խնդիրներ, ինձ տեղյակ պահեք, եւ ես այդ հարցով զբաղվեմ: Բայց մինչեւ օրս նման զանգ չի եղել»: Վարչապետը խոսքի մարդ է,-ասում է Վահրամ Բաղդասարյանը: ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը նկատում է՝ վարչապետի այս հայտարարությունը ոմանք արդեն դարձրել են ծաղրի թեմա. «Էսօր մենք ոնց որ սարքել ենք դա ծաղրածու, չենք ուզում ոչ մի բանով օգնել»: Վարչապետի շուրջ պետք է համախմբվել,-ասում է հանրապետական քաղաքական գործիչը,-քննադատել պետք չէ: Սակայն լրագրողը նկատեց, որ նույն բանն ասվում էր նաեւ Հովիկ Աբրահամյանի ժամանակ, երբ նոր էր նշանակվել. «Հովիկ Աբրահամյանը թիմի անդամ էր եւ հիմա էլ է թիմի անդամ, դրա համար մի տեսակ հավատ չէր ներշնչում ընդհանրապես ազգի մեջ: Բայց էս մարդը նոր ա եկել... Նա թիմի անդամ չի եղել, կուսակցական չի եղել»: Առաքել Մովսիսյանը պատրաստ է լինել նրան աջակցողների մեջ: Կարող է նույնիսկ ասել, թե ինչպես. «Որ չվերցնեմ հեռախոսը, չզանգեմ ասեմ՝ արա, Շմայսն ա, էս հարցը լուծի: Ոչ: Ես ինչ հնարավորություն ունեմ, օրենքի տառը համապատասխան ապրում եմ: Դա իմ աջակցությունն ա»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նկատում է՝ երաշխավոր լինելու հայտարարությամբ հարց չի լուծվի: Կա ավելի պարզ չափորոշիչ՝ գները պետք է էժանանան. «Եթե շաքարը, սննդամթերքը, ալյուրը, դեղամիջոցները, դիզելը, բենզինը, ի դեպ որոշ հակամենաշնորհային միջոցառումներից հետո նաեւ գազի գինը։ Եթե լրջորեն էժանանում են էս ապրանքները, ուրեմն տեսնում ենք, որ էդ ամեն ինչը գործեց»: Լեւոն Զուրաբյանն ասում է՝ բիզնեսի հավասար հնարավորությունների ապահովումը քաղաքական կամքի հարց է, ոչ թե հեռախոսազանգի: