Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօրինական հրամանն արդեն մտել է ուժի մեջ. բաց նամակ՝ վարչապետին

Քաղաքականություն
8def73e31598aa185a574279592b7446

Բաց նամակ ՀՀ վարչապետին ԱԺ-ում  ՀՀ  կառավարության ծրագրի  քննարկման ժամանակ ցավով արձանագրեցի, որ Դուք էլ (ում նկատմամբ կարծես  ինչ-որ չափով հավատ կա հասարակության  որոշ մասի մոտ), չեք լսում նույնիսկ  խորհրդարանական ընդդիմությանը: Միանգամից ասեմ, որ  այդ փաստից շատ վատ տպավորություն  ստացա: Այս  նամակիս արձագանքից կհասկանամ Ձեր՝  պատասխանատվություն  ստանձնողի  խոսքերին  որքանով  կարելի է վստահել: Շատ կուզենայի ԱԺ-ից ստացած տպավորությունս  վրիպման  արդյունք լիներ, որը յուրաքանչյուրիս հետ էլ կարող է պատահել: Այդ օրը  կրթության ոլորտում պաշտոնավարման ժառանգականության մասին ասացիք. «Սերնդափոխություն է պետք, չպետք է թողնենք պապական նստեն»: Հենց   Ձեր այս  պնդման   օրինականության   հիմքն   ամրագրվել է 2009-ին  ընդունված՝ «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքով, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝   ՀԱՎԱՍՏԱԳԻՐ կոչվող փաստաթղթով, որը տրվում է 5 տարով, և նորը ստանալու համար   տնօրենի թեկնածուից  Օրենքը պահանջում է վերապատրաստվել ու հանձնել նոր քննություն: «Օրենքը պետք է գործի, դա ակնհայտ ճշմարտություն է»,- ասացիք Դուք: Ստիպված եմ հրապարակային նամակով դիմել Ձեզ՝ հայտնելով, որ ԿԳ նախարար պարոն Լևոն Մկրտչյանի 18.05.2010թ. N 395-Ն հրամանը  հակասում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված՝ ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման եւ ընտրության ընթացակարգին: Ըստ օրենքի՝ ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարվում է մրցույթ, որին մասնակցելու իրավունք է ստանում այն անձը, ով վերջին 10 տարվա մեջ  ունի 7 տարվա մանկավարժական ստաժ, անցել է վերապատրաստում համապատասխան լիցենզավորված կազմակերպության կողմից, այնուհետեւ քննություն՝ գրավոր եւ բանավոր փուլերով և ստանում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր: Հստակ գրված է, որ ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով:  Նույն օրենքի 15-րդ կետն ասում է. «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը կարող է մինչեւ հավաստագրի ժամկետի լրանալը դիմել եւ անցնել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերապատրաստումը եւ ստանալ ուսումնական հաստատության ղեկավարման ՆՈՐ հավաստագիր»: Օրենքի  12-րդ հոդվածի 15-րդ կետում շեշտված «հավաստագրի ժամկետ» ու «նոր հավաստագիր» նորմերի   անհրաժեշտությունն ամրագրված է Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման  իրավունքի (հավաստագրման)  համար քննության կազմակերպման և անցկացման կարգի 82-րդ  և  83-րդ կետերով, որտեղ  սահմանված է ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ՝  «Վերապատրաստված, քննությանը մասնակցած և Հավաստագրման հանձնաժողովի որոշումով «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի)»  շնորհման ենթակա    հավակնորդին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»՝  5 տարի ժամկետով, որը  նա ստանում է քննության արդյունքները ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում»: Միանշանակ է՝ միայն  վերապատրաստված, ՔՆՆՈՒԹՅԱՆԸ մասնակցած  հավակնորդը կարող է ստանալ  ՀԱՎԱՍՏԱԳԻՐ, այն էլ  քննությունների արդյունքները  ամփոփելուց  10 օր  հետո: Ըստ նախարարի  18.05.2010թ. N 395-Ն  հրամանի՝ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն հանձնելու և  այս անօրինական հրամանն արդեն մտել է ուժի մեջ: Պարոն Վարչապետ, Ձեզ եմ դիմում, որպեսզի  կառավարությունը կասեցնի  ԿԳ նախարարի  անօրինական հրամանի գործունեությունը:   Անահիտ Բախշյան Կրթության փորձագետ