Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գտնվել է հարկայինի կողմից պահանջվող գումարի մոտ 50 տոկոսը. «Շիրակ կենտրոն»

Հասարակություն
shirak-1

Գյումրու վագոն-տնակներում, ավելի քան քառորդ դար, անմարդկային պայմաններում գոյատևող անօթևան ընտանիքների համար բնակարաններ գնելու և նվիրելու պատճառով, «Շիրակ կենտրոնի» հանդեպ  կիրառվող հարկային տեռորից ազատելու և կազմակերպության գործունեությունը բնականոն հուն վերադարձնելու  նպատակով,  ամերիկահայ բարերար Վարդան Նազարյանը, այսօր նվիրաբերեց հարկայինի կողմից պահանջվող գումարի մոտ 50 տոկոսը՝ 2 մլն 300 հազար դրամ: Գյումրու անօթևան և աղքատ ընտանիքներին և երեխաներին աջակցությանը նպատակաուղղված «Շիրակ կենտրոնի»  բազմաթիվ ծրագրերի հովանավոր Վարդան Նազարյանի նվիրաբերած ողջ գումարը վճարվեց, որպես՝ գույքի օտարումից ստացված եկամտահարկ: Հիշեցման կարգով նշենք, որ մոտ երկու ամիս առաջ,   ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու ՏՀՏ-ից 5 մլն դրամի չափով  եկամտահարկի մուծման պահանջ էր ներկայացվել «Շիրակ կենտրոնին», նախորդ ամիսներին անօթևան ընտանիքների համար,  Հայաստանում և արտերկրում կազմակերպված դրամահավաքների, անհատ բարերարների և  տարբեր կազմակերպությունների  նվիրատվությունների միջոցներով գնված 10 բնակարանների  համար:  Կազմակերպությունը այդ հարկային բեռը զիջելու խնդրանքով դիմել էր ՀՀ բարձրագույն իշխանություններին, այդ թվում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն՝ ապարդյուն: Ավելին կազմակերպության նկատմամբ սկսեցին տուժ ու տուգանքներ  կիրառվել, պահանջվող գումարի մուծումը ձգձգելու պատճառաբանությամբ: Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չուներ այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, պարտադրված դիմեց բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարեց դրամահավաք: Այս պահին արդեն իսկ վճարված է պահանջվող մայր  գումարի շուրջ 60 տոկոսը: Ինչպես նաև շարունակվում է «Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադարձնելուն նպատակաուղղված դրամահավաք» ը: Հ.Գ. Այսօր Գյումրու հարկայինից մեզ տեղեկացրեցին, որ իրենց կողմից պահանջվող գումարի մուծման ձգձգման պատճառով, զգալի տուժ ու տուգանքներ են կիրառվել «Շիրակ կենտրոնի» նկատմամբ՝ մոտ 2 մլն դրամ: Փաստորեն իշխանությունններին, մասնավորապես ՀՀ նախագահին, նորանշանակ վարչապետին, ՊԵԿ-ի հին ու նոր ղեկավարներին դիմելն ու սին հույսով սպասելը, նոր հարկային տուժ ու տուգանքների պատճառ դարձան, նաև զգուշացվեցինք, որ այսպես կոչված մայր գումարից մնացած 1.660.000 դրամը, որքան հնարավոր է  շուտ պետք է մուծվի, որպեսզի տուժ ու տուգանքները ձնագնդի պես չմեծանան: Դե արի ու պետության փոխարեն  անօթևաններին բնակարաններ նվիրիր… «Շիրակ կենտրոն» ՀԿ