Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Ուրիխանյանի հետ «Անալիտիկը» համագործակցության պայմանագիր էր կնքել

Քաղաքականություն
ani-hovhannisyann-1

«Անալիտիկ» կայքի տնօրեն   Անի Հովհաննիսյանի գործով նախաքննությունն  արդեն 6 ամիս է՝ չի ավարտվել: «Այս 6 ամսվա ընթացքում որեւէ ապացույց չի ներկայացվել շորթման հետ կապված: Շորթումը իր մեջ պարունակում է հետեւյալը, որ անձի  կամ իր ազգականի վերաբերյալ որեւէ տեղեկություններ հրապարակելու կամ չհրապարակելու հետ կապված նրանից պահանջվում է որեւէ գումար կամ գործողություն: Անի Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշման մեջ նշված է, որ տարաբնույթ ձեւակերպումներով գումար է ուզել:  Հիմա եկեք հասկանանք, թե տարաբնույթ ձեւակերպումը ո՞րն է, 6 ամսվա ընթացքում ուզում եմ դա իմանալ»,- ասաց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շորթում հոդվածով:  Հոդվածը նախատեսում է 3-7 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  հաղորդում է տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ: Պաշտպանը անհիմն է համարում մեղադրանքը եւ նշում, որ Տիգրան Ուրիխանյանի հետ համագործակցության համար նույնիսկ պայմանագիր է կնքվել: «Ինչպես կնքվում է ուրիշների հետ: Նույնիսկ պայմանագիրն է հայտնաբերվել:  Ըստ համագործակցության՝ Անի Հովհաննիսյանը պետք է լուսաբաներ «Ալյանս» կուսակցության եւ Տիգրան Ուրիխանյանի գործունեությունը»,-ասաց պաշտպանը: Այդ դեպքում ինչո՞վ էր պայմանավորված  ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, պաշտպանը  նշեց. «Ինչպես տեսնում ենք ժամանակի ընթացքում Տիգրան Ուրիխանյանը շատ բաներից է փոշմանում: Մեկ դիմում է տալիս ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու, մեկ հակառակը՝ ցանկանում է շարունակել պատգամավորական գործունեությունը: Տվյալ անձը նման բնավորություն ունի համենայնդեպս»: