Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասկացա` քայլել այլևս չեմ կարող և որոշեցի առաջ շարժվել»

Կարևոր լուրեր Հասարակություն
1-24

Ուղիղ քսան տարի առաջ Ալիկը ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերեց, իսկ այսօր արդեն մեքենա է վարում։ «Վթարին հաջորդած շրջանն անչափ ծանր էր ինձ համար և ֆիզիկական և հոգեբանական առումով, թվում էր, թե վերջ, այլևս ոչ մեկին պետք չեմ, տնից ընդհանրապես դուրս չէի գալիս, չէի ուզում, որ ինձ սայլակով տեսնեն։ Ինչպես ցանկացած հաշմանդամ, ես էլ երազում էի քայլելու մասին, փորձում էի մի կերպ շարժել ոտքերս, ցավոք վնասվածքս այնքան լուրջ էր, որ ինչ-որ պահի հասկացա` քայլել այլևս չեմ կարող, և որոշեցի առաջ շարժվել։ Վերականգնողական պարապմունքներ անցա, որոնց ընթացքում էլ դուրս եկա այդ վիճակից»,- պատմում է Ալիկը: Ավելի ուշ Ալիկը հայտնվում է հաշմանդամություն ունեցողների բասկետբոլի պրոֆեսիոնալ թիմում, որն էլ իր համար մի մեծ շարժիչ ուժ է դառնում. «Հասկացա, որ կարող եմ մրցակցել, կարող եմ հաղթել, և որ ոչ մեկից ոչնչով պակաս չեմ»,- ասում է Ալիկը: Հետագայում հարազատների և ընկերների շնորհիվ ամբողջովին ինտեգրվում է կյանքի եռուզեռին, անգամ բիզնեսով է զբաղվում, ինչպես ինքն է ասում՝ մանր- մունր գործեր էին. մի որոշ ժամանակ էլ խեցգետին է վաճառել: 2 Անցնում է մի քանի տարի ևս, և Ալիկն իր համար շրջադարձային ու բարդ որոշում է կայացնում` պիտի մեքենա վարեմ. «Միշտ տաքսիներով էի երթևեկում և այդպես վարորդներին հետևելով եմ վարել սովորել, մեքենայի ղեկին նստելիս նաև հոգեբանական խնդիրներ են եղել, քանի որ հենց ճանապարհային վթարի հետևանքով եմ հաշմանդամ դարձել, սակայն դա էլ հաղթահարեցի»: Ալիկը նաև հասարակական կյանքում է ակտիվ։ Ընկերների հետ կազմակերպություն է հիմնել` «Ազատություն», որի նպատակը հաշմանդամների համար հարմարավետ դահլիճներ ստեղծելն է, նաև նպատակ ունեն բասկետբոլային թիմ հիմնել։ «Կազմակերպության անվանումը լիովին համապատասխանում է իմ ապրելակերպին: Հաշմանդամների խնդիրներն անուշադրության են մատնված, ոչինչ հարմարեցված չէ։ Օրինակ ինձ համար անասելի դժվար է մեքենայից իջնելը, սայլակը դնելու տեղ չկա, ամենուրեք բորդյուրներ են, ձևականորեն որոշ տեղերում հաշմանդամների համար կայանատեղիներ են հարմարեցրել, սակայն այդ կայանատեղիներում մեքենայից դուրս գալն ավելի բարդ է, քան սովորականներում, չկա հարմարեցված գրեթե ոչինչ, ընդամենը քաղաքի կենտրոնում մի քանի թեքահարթակներ, որոնք նույնպես սխալ են կառուցված»,- նեղսրտելով նշում է մեր հերոսը: Ալիկն այսօր տաքսի է վարում։ Երբ հրաժեշտ էի տալիս նրան, ստացավ հերթական պատվերը և շարժվեց։ 3